Հոդված 19. Ծառայողական արդյունաբերական դիզայնը
Հոդված 19. Ծառայողական արդյունաբերական դիզայնը
1. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում աշխատողի ստեղծած արդյունաբերական դիզայնի (ծառայողական արդյունաբերական դիզայնի) նկատմամբ իրավունքը պատկանում է գործատուին, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
2. Աշխատողը, որն արդյունաբերական դիզայնի հեղինակն է, իր նվաճումների համար չի կարող լրացուցիչ վարձատրություն պահանջել, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողական արդյունաբերական դիզայնի մեջ իր անձնական ներդրումը և գործատուի համար դրա կարևորությունն ակնհայտ են ու գերազանցում են սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրով նախատեսված պահանջները։ Ծառայողական արդյունաբերական դիզայնի հեղինակի վարձատրության չափը, պայմանները և վճարման կարգը որոշվում են հեղինակի և գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:
3. Աշխատողը պարտավոր է գործատուին գրավոր ծանուցել ծառայողական արդյունաբերական դիզայնի մասին դրա ստեղծման օրվանից՝ մեկամսյա ժամկետում: Եթե արդյունաբերական դիզայնի ստեղծման մասին գործատուին ծանուցելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում պետական լիազոր մարմին, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին: Այդ դեպքում գործատուն օգտվում է տվյալ արդյունաբերական դիզայնի օգտագործման հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:
4. Գործատուի կողմից արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու դեպքում հեղինակն օգտվում է տվյալ արդյունաբերական դիզայնի օգտագործման անհատույց հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:
5. Հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը, արդյունաբերական դիզայնի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաև դրա օգտագործումից առաջացած եկամուտներն ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:
6. Կրթական հաստատություններում կամ գիտական և գիտահետազոտական (այսուհետ՝ գիտական) կենտրոններում ուսուցման և (կամ) հետազոտական աշխատանքային պարտականությունների կատարման շրջանակներում դասախոսի կամ գիտաշխատողի, հետազոտողի (այսուհետ՝ գիտաշխատող) ստեղծած արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է տվյալ կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի պայմանների համաձայն՝ ստեղծված ցանկացած արդյունաբերական դիզայնի մասին դրա հեղինակ հանդիսացող դասախոսը կամ գիտաշխատողը պարտավոր է մեկամսյա ժամկետում ծանուցել կրթական հաստատությանը կամ գիտական կենտրոնին։
8. Դասախոսը կամ գիտաշխատողն իրավունք ունի օգտվելու այն օգուտներից, որոնք ստացել է կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը՝ սույն օրենքով նախատեսված կարգով արդյունաբերական դիզայնի օգտագործմամբ կամ դրա նկատմամբ իրավունքների փոխանցմամբ։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։
9. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնը արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքը կարող է փոխանցել դրա հեղինակ հանդիսացող դասախոսին կամ գիտաշխատողին՝ պահպանելով անփոխանցելի հասարակ անհատույց լիցենզիայի իրավունքը։
10. Կրթական հաստատությունը կամ գիտական կենտրոնն իրավունք ունի օգտվելու այն եկամուտներից, որոնք սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքերում արդյունաբերական դիզայնի օգտագործմամբ կամ դրա նկատմամբ բացառիկ իրավունքի (արտոնագրի) փոխանցմամբ ստացել է դասախոսը կամ գիտաշխատողը։ Օգտվելու մասնաբաժինը, պայմանները և գումարի չափը որոշվում են կրթական հաստատության կամ գիտական կենտրոնի կանոնադրությամբ։
11. Այն դեպքում, երբ դասախոսը կամ գիտաշխատողն արդյունաբերական դիզայնն ստեղծում է պետական կամ մասնավոր կազմակերպության հետ պայմանագրի կատարմամբ, պայմանագրում պետք է նշված լինի, թե պայմանագրի կողմերից ում է պատկանում արդյունաբերական դիզայնի արտոնագիր ստանալու իրավունքը։