Հոդված 24. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների սահմանափակումը
Հոդված 24. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների սահմանափակումը
1. Սույն օրենքի 23-րդ հոդված 1-ին մասում նշված իրավունքները չեն կիրառվում՝
1) այլ պետության պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի սարքավորումների նկատմամբ, եթե դրանք բացառապես պայմանավորված են փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) կազմակերպություններին, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և (կամ) կազմակերպություններին․
2) սույն մասի 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների վերանորոգման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պահեստամասերի ու պիտույքների նկատմամբ․
3) մեջբերման կամ ուսուցման նպատակով արդյունաբերական դիզայնի վերարտադրման գործողությունների նկատմամբ, պայմանով, որ այդպիսի գործողությունները համատեղելի լինեն բարեխիղճ առևտրային փորձի հետ, և նշվի սկզբնաղբյուրը, ինչպես նաև անօրինական կերպով չվնասեն արդյունաբերական դիզայնի բնականոն օգտագործմանը․
4) անձնական և ոչ առևտրային նպատակներով կատարված գործողությունների նկատմամբ․
5) փորձերի իրականացման համար ձեռնարկված գործողությունների նկատմամբ․
6) աղետների, համաճարակների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդյունաբերական դիզայնի օգտագործումը թույլատրվում է, պայմանով, որ այն չարդարացված վնաս չի պատճառում գրանցված արդյունաբերական դիզայնի բնականոն օգտագործմանը և չհիմնավորված կերպով չի խախտում արտոնագրատիրոջ օրինական շահերը, և որի դեպքում հաշվի են առնվում երրորդ անձանց օրինական շահերը: Հակառակ դեպքում արտոնագրատերն ունի արդյունաբերական դիզայնի չթույլատրված օգտագործման հետևանքով կրած նյութական վնասի չափին համապատասխան հատուցման իրավունք:
3. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի խախտում չեն համարվում պետական մարմինների գործողություններն այն դեպքում, երբ նրանք սույն օրենքը կիրառելիս գործում են բարեխիղճ: