Հոդված 55. Արդյունաբերական դիզայնի արտոնագրով վերապահված իրավունքների դադարեցումը
Հոդված 55. Արդյունաբերական դիզայնի արտոնագրով վերապահված իրավունքների դադարեցումը
1. Արդյունաբերական դիզայնի արտոնագրով իրավունքները դադարեցվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն, եթե`
1) արտոնագրատերը դրանցից ամբողջությամբ կամ մասնակի հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել պետական լիազոր մարմին։ Այս դեպքում արտոնագրի նկատմամբ համապատասխան իրավունքները նա կորցնում է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից։
Եթե գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներից ամբողջությամբ հրաժարվում է արտոնագրատերերից միայն մեկը, ապա արտոնագրի գործողությունը չի դադարում, նշված իրավունքներն անցնում են մյուս արտոնագրատերերին:
Եթե բոլոր արտոնագրատերերն ամբողջությամբ հրաժարվում են գրանցված արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքներից, ապա նրանք պետք է այդ մասին ծանուցեն նաև հեղինակին: Այս դեպքում հեղինակն ունի իր անվամբ արտոնագիր ստանալու առաջնահերթ իրավունք, եթե այդ մասին պետական լիազոր մարմին դիմի արտոնագրատիրոջ կողմից ծանուցվելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում․
2) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար պետական տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել.
3) սույն օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ արտոնագիրն անվավեր է ճանաչվել.
4) լրացել է արտոնագրի գործողության ժամկետը։
2. Արտոնագիրը գործողության մեջ պահելու համար պետական տուրքը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում իրավունքները համարվում են դադարեցված նշված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:
3. Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագրի գործողության (արտոնագրով տրամադրվող իրավունքների) դադարեցման մասին: