Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
1) Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին փարիզյան կոնվենցիա, որն ստորագրվել է 1883 թվականի մարտի 20-ին Փարիզում՝ հետագա բոլոր փոփոխություններով և լրացումներով.
2) Լոկառնոյի համաձայնագիր՝ Արդյունաբերական դիզայնների միջազգային դասակարգումը (ԱԴՄԴ) հիմնադրող՝ Լոկառնոյի համաձայնագիր, որն ստորագրվել է Լոկառնոյում 1968 թվականի հոկտեմբերի 8-ին.
3) Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի ժնևյան ակտ (Հաագայի համաձայնագիր)՝ Արդյունաբերական դիզայնների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագիր, որը փոփոխվել և ընդունվել է 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնևում.
4) պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի՝ օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին, որի մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ գործառույթներ սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը.
5) բողոքարկման խորհուրդ՝ պետական լիազոր մարմնում ստեղծված խորհուրդ, որը, իր կանոնադրության համաձայն, լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցեր.
6) արտոնագիր՝ սույն օրենքով սահմանված կարգով տրված փաստաթուղթ, որը, սույն օրենքի համաձայն, հավաստում է արդյունաբերական դիզայնին իրավական պահպանության տրամադրման և դրա հետևանքով արդյունաբերական դիզայնի նկատմամբ բացառիկ իրավունքի փաստը.
7) անձ՝ ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, կազմակերպություն.
8) հայտատու՝ անձ, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը.
9) արտոնագրատեր՝ անձ, որը տնօրինում է արտոնագիրը.
10) հայտ՝ սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր ստանալու նպատակով պետական լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի փաթեթ.
11) ներկայացուցիչ՝ անձ, որը լիազորված է պետական լիազոր մարմնում ներկայացնելու հայտատուին, արտոնագրատիրոջը կամ այլ շահագրգիռ անձի.
12) թվական՝ օր, ամիս, տարի.
13) մութաթիս մութանդիս (mutatis mutandis)՝ համապատասխան փոփոխություններով (Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագրում (TRIPS) ունեցած իմաստով).
14) գրանցված արդյունաբերական դիզայն՝ արդյունաբերական դիզայն, որը պահպանվում է սույն օրենքին համապատասխան տրված արտոնագրով կամ միջազգային ընթացակարգով ներկայացված հայտի հիման վրա.
15) չգրանցված արդյունաբերական դիզայն՝ արդյունաբերական դիզայն, որը, սույն օրենքին համապատասխան, պահպանվում է առանց հայտ ներկայացնելու.
16) միջազգային հայտ` արդյունաբերական դիզայնի միջազգային գրանցման հայտ, որը պետական լիազոր մարմին ներկայացված է Հաագայի համաձայնագրի համաձայն.
17) միջազգային գրանցում` արդյունաբերական դիզայնի գրանցում, որն իրականացվել է Հաագայի համաձայնագրի համաձայն.
18) Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրություն՝ 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արդյունաբերական նմուշների պահպանության մասին արձանագրություն.
19) եվրասիական հայտ՝ եվրասիական արտոնագիր ստանալու հայտ, որը, Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության համաձայն, ներկայացված է պետական լիազոր մարմին.
20) եվրասիական արտոնագիր` Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից արձանագրության համաձայն տրված արտոնագիր: