Հոդված 21. Գրանցված արդյունաբերական դիզայնի նոր արտոնագրատիրոջ վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետևանքները
Հոդված 21. Գրանցված արդյունաբերական դիզայնի նոր արտոնագրատիրոջ վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետևանքները
1. Եթե արտոնագրատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ապա առաջին արտոնագրատիրոջ կողմից երրորդ անձանց տրված ցանկացած լիցենզիա և այլ իրավունքներ անվավեր են ճանաչվում նոր արտոնագրատիրոջ մասին տվյալները արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից։
2. Արտոնագրատերը և մինչև դատական հայց ներկայացնելը լիցենզիա ստացած անձը, որոնք մինչև արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում նոր արտոնագրատիրոջ գրանցումն սկսել են արդյունաբերական դիզայնի օգտագործումը կամ այդ նպատակով կատարել են արդյունավետ և կոնկրետ քայլեր, կարող են շարունակել իրենց գործունեությունը, պայմանով, որ հասարակ լիցենզիա ստանալու խնդրանքով նրանք դիմեն նոր արտոնագրատիրոջը։ Հասարակ լիցենզիա ստանալու խնդրանքով նախկին արտոնագրատերը կարող է դիմել նոր արտոնագրատիրոջ մասին տեղեկությունները արդյունաբերական դիզայնի պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իսկ լիցենզիա ստացած անձը՝ նոր արտոնագրատիրոջ մասին պետական լիազոր մարմնի ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` չորս ամսվա ընթացքում։ Լիցենզիան պետք է տրվի ողջամիտ ժամանակահատվածի համար և ողջամիտ պայմաններով։
3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ նախկին արտոնագրատերը կամ լիցենզառուն գործել է անբարեխիղճ այն ժամանակ, երբ սկսել է արդյունաբերական դիզայնի օգտագործումը կամ քայլեր է կատարել դրա համար։