Հոդված 29. Առաջնության իրավունքը
Հոդված 29. Առաջնության իրավունքը
1. Արդյունաբերական դիզայնի առաջնությունը որոշվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:
2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ որևէ պետություն ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն), եթե արդյունաբերական դիզայնի հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել նշված թվականից վեց ամսվա ընթացքում:
3. Առաջնության իրավունքից օգտվելու համար հայտատուն հայտ ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում պետք է պետական լիազոր մարմնին հայտնի այդ մասին՝ նշելով խնդրարկվող առաջնության թվականը, վճարի օրենքով սահմանված պետական տուրքը յուրաքանչյուր խնդրարկվող առաջնության համար և առաջին հայտի ներկայացման թվականից (իսկ եթե առաջին հայտերը մի քանիսն են՝ այդպիսի հայտերի ամենավաղ ներկայացման թվականից) ինն ամսվա ընթացքում պետական լիազոր մարմին ներկայացնի առաջին հայտի ներկայացման գերատեսչության կողմից տվյալ հայտի վավերացված պատճենը: Սույն պահանջները չկատարելու դեպքում խնդրարկվող առաջնությունը չի տրամադրվում:
4. Անհրաժեշտության դեպքում պետական լիազոր մարմինը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի հայերեն թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ուղարկելու օրվանից՝ երեք ամսվա ընթացքում։
5. Մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում։ Եթե խնդրարկվել են մի քանի առաջնություններ, ապա առաջնություն խնդրարկելու ժամկետը հաշվարկվում է ամենավաղ առաջնության թվականից:
6. Մեկ կամ մի քանի առաջնություն սահմանելիս առաջնության իրավունքը տարածվում է միայն այն արդյունաբերական դիզայնների վրա, որոնք ներառված են առաջին հայտում կամ հայտերում, որոնց հիման վրա խնդրարկվում է առաջնությունը:
7․ Արդյունաբերական դիզայնի առաջնությունը կարող է որոշվել նույն արդյունաբերական դիզայնի էությունը բացահայտող նույն հայտատուի սկզբնական (ավելի վաղ ներկայացված) հայտի ներկայացման թվականով (ներքին առաջնություն), պայմանով, որ այն հետկանչված կամ հետկանչված համարված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը պետական լիազոր մարմին ներկայացվել է սկզբնական հայտի ներկայացման թվականից սկսած՝ վեց ամսվա ընթացքում։ Այս դեպքում սկզբնական հայտը համարվում է հետկանչված։
8. Առաջնությունը չի կարող որոշվել այն հայտով, որով արդեն խնդրարկվել է ավելի վաղ առաջնություն։
9. Արդյունաբերական դիզայնի առաջնությունը, որի հայտը ներկայացվել է սկզբնական հայտից այն առանձնացնելու հետևանքով (զատված հայտ), որոշվում է միևնույն հայտատուի կողմից պետական լիազոր մարմին ներկայացված սկզբնական հայտի ներկայացման թվականով, իսկ սկզբնական հայտով ավելի վաղ առաջնություն խնդրարկելու իրավունք ունենալու դեպքում՝ խնդրարկված ավելի վաղ առաջնության թվականով, եթե զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետկանչված կամ հետկանչված համարված չէ, զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունների սպառվելը, իսկ սկզբնական հայտով ընդունված արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան արդյունաբերական դիզայնի պետական գրանցումը։
10. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված մի քանի սկզբնական հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով սահմանված կարգը։