Հոդված 43. Հայտի նախնական փորձաքննությունը
Հոդված 43. Հայտի նախնական փորձաքննությունը
1. Հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո պետական լիազոր մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում անցկացնում է հայտի նախնական փորձաքննություն:
2. Նախնական փորձաքննության շրջանակներում պետական լիազոր մարմինն ստուգում է՝
1) հայտի և դրա փաստաթղթերի համապատասխանությունը սույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասով և Կարգով սահմանված պահանջներին.
2) լրացուցիչ նյութերի բովանդակությունը (համապատասխան դեպքում), պարզելու՝ արդյոք դրանք չեն փոխում արդյունաբերական դիզայնի էությունը.
3) սույն օրենքով նախատեսված առաջնության խնդրարկման համար սահմանված պահանջների կատարումը և համապատասխան դեպքում սահմանում է խնդրարկվող առաջնությունը.
4) սույն օրենքով սահմանված ներկայացուցչությանը վերաբերող պահանջների կատարումը:
3. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտում կամ լրացուցիչ նյութերում առկա են բացակայող կամ Կարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ։ Այս դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը, բայց ոչ ավելի, քան հարցման պատասխանի ներկայացման ժամկետի ավարտը։
4. Հայտը ներկայացնելու թվականից երկամսյա ժամկետում իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա հայտատուն կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում՝ չփոփոխելով ներկայացված արդյունաբերական դիզայնի էությունը։
5. Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական դիզայնի էությունը փոփոխող, եթե ներկայացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք բացակայել են արդյունաբերական դիզայնում ներկայացման թվականի դրությամբ, կամ ներկայացվել են արտադրանքի պատկերներ, որոնցից հեռացվել են արդյունաբերական դիզայնի էական հատկանիշներ, որոնք պատկերների վրա առկա էին հայտի ներկայացման թվականի դրությամբ: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական դիզայնի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում։
6. Եթե խախտված է սույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջը՝ հայտում բացակայում են հեղինակի անհատականացման համար բավարար տեղեկությունները, ու հայտարարություն չի ներկայացվել այն մասին, որ հեղինակը հրաժարվել է որպես այդպիսին նշված լինելուց, և այդ բացթողումը չի վերացվել այդ մասին պետական լիազոր մարմնի հարցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, ապա հայտը համարվում է հետկանչված, որի մասին ծանուցվում է հայտատուն:
7. Առաջնության խնդրարկման համար սույն օրենքով սահմանված պահանջները հայտատուի կողմից չկատարելը հանգեցնում է տվյալ հայտով առաջնության իրավունքի կորստի:
8. Եթե հայտը ներկայացվել է մի քանի արդյունաբերական դիզայնների համար, որոնք չեն վերաբերում ԱԴՄԴ մեկ դասին, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցումն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, հայտնել, թե արդյունաբերական դիզայններից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում։ Նշված ժամկետում հայտատուի կողմից ծանուցումն անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն արդյունաբերական դիզայնը, որը հայտում բերված է առաջինը։
9. Հայտը, որը ներառում է մեկից ավելի արդյունաբերական դիզայններ, որոնք չեն վերաբերում ԱԴՄԴ մեկ դասին, հայտատուի նախաձեռնությամբ կամ պետական լիազոր մարմնի առաջարկով սույն օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներում կարող է բաժանվել մեկ կամ մի քանի զատված հայտ ներկայացնելու միջոցով՝ սկզբնական հայտում ներկայացված արդյունաբերական դիզայնները բաշխելով այդ հայտերի միջև:
10. Զատված հայտը, որը բավարարում է սույն օրենքի 29-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված պահանջները, պահպանում է սկզբնական հայտի ներկայացման թվականը և սահմանված առաջնության թվականը։
11. Զատված հայտի ձևակերպման և ներկայացման նկատմամբ Կարգով նախատեսված պահանջների խախտման ու սահմանված ժամկետում հայտատուի կողմից անհրաժեշտ ճշգրտումները և ուղղումները չներկայացվելու դեպքում զատված հայտը համարվում է չներկայացված, որի մասին ծանուցվում է հայտատուն:
12. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հարցման մեջ հիշատակված բոլոր թերությունները սահմանված ժամկետում հայտատուի կողմից չվերացվելու դեպքում հայտը համարվում է հետկանչված, բացառությամբ սույն օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածներում նշված դեպքերի։
13. Եթե պետական լիազոր մարմինը համարում է, որ հայտի փաստաթղթերն ու լրացուցիչ նյութերն իրենց բովանդակությամբ և ձևով համապատասխանում են սույն օրենքով սահմանված պահանջներին, որոշում է կայացնում սույն օրենքի 44-րդ հոդվածով սահմանված ժամկետում հայտի հրապարակման մասին, որի վերաբերյալ ծանուցում է հայտատուին:
14. Հայտի քննարկման ցանկացած փուլում օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով հայտատուն կարող է ներկայացնել դիմում հայտում փոփոխություններ կատարելու մասին, որոնք չեն հանգեցնում արդյունաբերական դիզայնի էության փոխոխության: