Հոդված 45. Երրորդ անձանց առարկությունները
Հոդված 45. Երրորդ անձանց առարկությունները
1. Հայտի հրապարակման թվականից երկամսյա ժամկետում ցանկացած շահագրգիռ անձ կարող է արդյունաբերական դիզայնի արտոնագիր տալու դեմ պետական լիազոր մարմին գրավոր հիմնավորված առարկություն ներկայացնել հետևյալ հիմքերով․
1) արդյունաբերական դիզայնը չի համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ հակասում է հասարակության շահերին կամ բարոյականության սկզբունքներին․
2) արդյունաբերական դիզայնը ներառում է հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտ, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ արդյունաբերական դիզայնի հայտի ներկայացման թվականը կամ առաջնության թվականը (եթե այդպիսին կա) կամ ավելի վաղ առաջնության թվական ունեցող արդյունաբերական սեփականության ցանկացած այլ պահպանվող օբյեկտ` առանց իրավատիրոջ թույլտվության․
3) հայտատուն, սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն, հայտ ներկայացնելու իրավասություն ունեցող անձ չէ:
2. Առարկությունը համարվում է ներկայացված, եթե դրան կցված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։
3. Առարկությունն ստանալու օրվանից՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինն ստուգում է այն և սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պայմաններին դրա համապատասխանության դեպքում առարկության մասին գրավոր ծանուցում է հայտատուին՝ նշված ծանուցագրի ուղարկման օրվանից՝ մեկամսյա ժամկետում, իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։ Նշված ժամկետում հայտատուի կողմից նկատառումներ չներկայացվելու դեպքում առարկության հետագա քննարկումն իրականացվում է առկա նյութերի հիման վրա։
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պայմաններին չհամապատասխանող առարկությունը համարվում է չներկայացված, որի մասին պետական լիազոր մարմինը գրավոր ծանուցում է այն ներկայացնողին։