Հոդված 52. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների վերականգնումը և հետօգտագործման իրավունքը
Հոդված 52. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքների վերականգնումը և հետօգտագործման իրավունքը
1. Արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները, որոնք դադարեցվել են սույն օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, կարող են վերականգնվել իրավատիրոջ դիմումի հիման վրա։ Դիմումն անհրաժեշտ է պետական լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 12 ամսվա ընթացքում։ Դիմումին կցվում է արտոնագրի գործողության վերականգնման համար սահմանված պետական տուրքի, ինչպես նաև արտոնագիրը գործողության մեջ պահելու համար չվճարված պետական տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթը։ Իրավունքները չեն վերականգնվում, եթե մինչև իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելը նույնական արդյունաբերական դիզայնի նկատմամբ արդեն իրավունք է ձեռք բերել այլ անձ։
2. Արդյունաբերական դիզայնի արտոնագրի գործողության վերականգնման մասին պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում։
3. Ցանկացած անձ, որը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության դադարեցման թվականից մինչև պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության նկատմամբ իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականը բարեխղճորեն սկսել է սույն օրենքի համաձայն պահպանվող արդյունաբերական դիզայնի օգտագործումը կամ կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը՝ առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունքի)։
4. Սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավունքը կորցնելու և դրա վերականգնման մասին հայտարարություն հրապարակելու ժամանակահատվածի համար սույն հոդվածի 3-րդ մասը կիրառվում է մութաթիս, մութանդիս (mutatis mutandis):
5. Հետօգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է արդյունաբերական դիզայնը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ։