Հոդված 62. Փոփոխություններ կատարելու ընթացակարգը
Հոդված 62. Փոփոխություններ կատարելու ընթացակարգը
1. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել պետական գրանցամատյանում կատարել մի քանի փոփոխություն։ Մեկ դիմումը բավարար է նաև, եթե փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի հայտերի և (կամ) միևնույն անձի իրավունքի համար, պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինի (լինեն) քննարկվող բոլոր հայտերի և իրավունքների համար, և բոլոր հայտերի ու իրավունքների համարները նշված լինեն դիմումում։
2. Յուրաքանչյուր հայտի կամ իրավունքի վերաբերյալ փոփոխությունը պետական գրանցամատյանում գրանցելու համար դիմում ներկայացնելիս կամ պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագրի ստացման օրվանից՝ երկամսյա ժամկետում, վճարվում է պետական տուրք։
3. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր պետական գրանցամատյանում նշված անձի կողմից, ապա պետական լիազոր մարմինը փոփոխությունները գրանցում է համապատասխան գրանցամատյանում։
4. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես արտոնագրատեր պետական գրանցամատյանում չգրանցված անձի կողմից, ապա տվյալ անձը դիմումը ներկայացնելիս կամ պետական լիազոր մարմնի համապատասխան ծանուցագրի ուղարկման օրվանից՝ երեք ամսվա ընթացքում, իր հայեցողությամբ ներկայացնում է արտոնագրատիրոջ համաձայնությունը կամ փոփոխությունների կատարման իրավական հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր։ Եթե պետական լիազոր մարմինը կասկածներ ունի փոփոխություններ կատարելու համար ներկայացված դիմումում տեղ գտած որևէ նշման վերաբերյալ, կամ եթե ներկայացված փաստաթղթերն օտար լեզվով են, ապա նա կարող է պահանջել, որ դիմումն ստանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, ներկայացվեն լրացուցիչ փաստաթղթեր, կամ դրանց հայերեն թարգմանությունը։
5. Եթե դիմողը ժամանակին չի ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ փաստաթղթերը կամ փաստաթղթերի թարգմանությունը, ապա փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է հետկանչված։
6. Փոփոխությունները կատարվում են պետական լիազոր մարմնի որոշման հիման վրա։