Հոդված 200. Սնանկության հատուկ հաշիվը
Հոդված 200. Սնանկության հատուկ հաշիվը
1. Սնանկության վարույթի այն փուլում, երբ առկա է գումարների հավաքման հնարավորություն, կառավարիչը Հայաստանի Հանրապետության բանկերից մեկում տվյալ սնանկության գործով բացում է սնանկության հատուկ հաշիվ և այդ մասին տեղեկացնում է Սնանկության դատարանին՝ տրամադրելով հաշվեհամարը։
2. Սնանկության հատուկ հաշիվը բացում և կառավարում է սնանկության գործը վարող կառավարիչը։
3. Սնանկության հատուկ հաշիվ բացելու համար կառավարիչը բանկ է ներկայացնում կառավարիչ նշանակելու մասին Սնանկության դատարանի որոշումը, իր անձը հաստատող փաստաթուղթը, եթե պարտապանն իրավաբանական անձ է՝ նրա անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը, եթե պարտապանը ֆիզիկական անձ է՝ նրա անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ նույնականացնող այլ տվյալներ (հանրային ծառայությունների համարանիշ, անձնագրային տվյալներ, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե և այլն)։
4. Տվյալ սնանկության գործով կառավարչի փոփոխվելու դեպքում նոր կառավարիչը բանկ է ներկայացնում այդ գործով կառավարիչ նշանակվելու մասին Սնանկության դատարանի որոշումը և իր անձը հաստատող փաստաթուղթը, որի հիման վրա նախորդ կառավարչի՝ հաշիվը կառավարելու լիազորությունները բանկի կողմից դադարեցվում են, և նոր կառավարչին տրվում է հաշիվը կառավարելու լիազորություն։
5. Սնանկության հատուկ հաշվի գումարները չեն կարող գրավադրվել, արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել պարտապանի կամ կառավարչի պարտավորությունների դիմաց։
6․ Սնանկության հատուկ հաշվից գումարի կանխիկացումն արգելվում է։
7. Սնանկության հատուկ հաշվին մուտքագրվող գումարները կարող է օգտագործել միայն կառավարիչը՝ սույն օրենսգրքով սահմանված նպատակներով։
8. Բանկը, որտեղ բացվել է սնանկության հատուկ հաշիվը, կարող է կառավարչից պահանջել ներկայացնել գրավոր պարզաբանում սնանկության հատուկ հաշվից կատարվող փոխանցման վերաբերյալ։ Կառավարչի գրավոր պարզաբանումը պետք է ներառի փոխանցման հիմքը, փոխանցումը կատարելու՝ սույն օրենսգրքի համապատասխան հիմքը։ Կառավարչի կողմից տրված գումարի փոխանցման հանձնարարականը, իսկ բանկի պահանջի դեպքում՝ նաև կառավարչի պարզաբանումը հիմք են փոխանցումը կատարելու համար։
9․ Կառավարիչը պարտավոր է օգտվել միայն պարտապանի մեկ սնանկության հատուկ հաշվից։ Պարտապանի այլ հաշիվները ենթակա են փակման կառավարչի դիմումի հիման վրա: Այդ հաշիվներից պարտապանի միջոցների մնացորդը փոխանցվում է պարտապանի սնանկության հատուկ հաշվին՝ կառավարչի դիմումի հիման վրա:
10․ Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները փոխանցվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվին։
11. Պարտատերերին վճարումները կատարվում են պարտապանի սնանկության հատուկ հաշվից:
12. Սնանկության դատարանի կամ գործին մասնակցող անձի պահանջով կառավարիչը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում վերջիններիս տրամադրել սնանկության հատուկ հաշվի քաղվածքը։