Հոդված 230. Պարտապանի գույքի վաճառքն ուղղակի գործարքով
Հոդված 230. Պարտապանի գույքի վաճառքն ուղղակի գործարքով
1. Վաճառքի ենթակա գույքն ուղղակի վաճառքով կարող է վաճառվել՝
1) պարտապանի բնականոն գործունեության շրջանակում, եթե գույքն ուղղակի վաճառքով չվաճառելու դեպքում տեղի կունենա այդ գույքի որակական հատկանիշների այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի այդ գույքի արժեքի էական նվազման (շուտ փչացող գույք)․
2) եթե այն վաճառելու նպատակով կազմակերպվել է առնվազն երեք աճուրդ, աճուրդի մեկնարկային գինը առնվազն երկու անգամ նվազեցվել է, և գույքը չի վաճառվել, և առկա է գույքը վերջին չկայացած աճուրդին նախորդող աճուրդի մեկնարկային գնով գնելու վերաբերյալ առաջարկ։
2. Գույքի վաճառքը՝
1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում իրականացվում է պարտապանի բնականոն գործունեության շրջանակում, և դրա համար պարտատերերի ժողովի (խորհրդի) որոշում և Սնանկության դատարանի թույլտվություն չի պահանջվում․
2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում իրականացվում է սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կարգով՝ Սնանկության դատարանի թույլտվությամբ, և դրա համար պարտատերերի ժողովի (խորհրդի) որոշում չի պահանջվում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում կառավարիչն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ ձեռնարկում է գույքն ուղղակի վաճառքով վաճառելու համար անհրաժեշտ միջոցներ, և սույն օրենսգրքով սահմանված՝ գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարված լինելուց հետո Սնանկության դատարան է ներկայացնում գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տրամադրելու մասին միջնորդություն։
4. Սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գույքի վաճառքի թույլտվություն տալու մասին միջնորդությունը Սնանկության դատարան կարող է ներկայացվել, եթե գնելու ցանկություն հայտնած անձը սնանկության հատուկ հաշվին է վճարել ուղղակի վաճառքով վաճառքի ենթակա գույքի վաճառքի հնարավոր գնի առնվազն 25 տոկոսի չափով նախավճար և ներկայացրել է իր կողմից տրված՝ նոտարական կարգով վավերացված հայտարարությունը այդ գումարը նախավճար համարվելու վերաբերյալ։
5. Վաճառքի գնի մնացած մասի վճարումը կատարվում է Սնանկության դատարանի կողմից գույքն ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշումը կայացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում։ Գույքի վաճառքի գինը սահմանված ժամկետում ամբողջությամբ վճարվելուց և գույքի վաճառքին խոչընդոտող հանգամանքները վերացվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, կառավարիչը գույքը գնելու ցանկություն հայտնած անձի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր։
6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետը՝
1) պարտատերերի ժողովի (խորհրդի) համաձայնության դեպքում սահմանվում է մինչև երկու ամիս, եթե գնելու ցանկություն հայտնած անձը մինչև կառավարչի կողմից միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելը վճարել է գույքի վաճառքի հնարավոր գնի առնվազն 50 տոկոսի չափով նախավճար և ներկայացրել է իր կողմից տրված՝ նոտարական կարգով վավերացված հայտարարությունը այդ գումարը նախավճար համարվելու վերաբերյալ.
2) սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում (սույն մասի 1-ին կետում նշված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ այդ ժամկետում) կառավարչի, գնելու ցանկություն ունեցող անձի և վաճառքի ենթակա գույքը որպես գրավ ընդունող անձի մասնակցությամբ առք ու վաճառքի և հիպոտեկի պայմանագիր կնքվելու դեպքում սահմանվում է առք ու վաճառքի և հիպոտեկի պայմանագրի կնքման օրվանից հինգ աշխատանքային օր.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերում չնշված դեպքերում սահմանվում է մեկ շաբաթ՝ վաճառքի թույլտվություն տալու մասին որոշման ընդունման օրվանից։