Հոդված 308. Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը
Հոդված 308. Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը
1․ Կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ միջնորդությունը պարունակում է`
1) այն դատարանի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) միջնորդություն ներկայացնողի անունը, ազգանունը, նրա հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը, պաշտոնը․
3) կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքի նկարագրությունը․
4) միջնորդություն ներկայացնողի պահանջը․
5) միջնորդությանը կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) միջնորդությունը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) միջնորդություն ներկայացնող անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
2․ Միջնորդությունը Սնանկության դատարան ներկայացնելիս դրան կցվում է նաև միջնորդության պատճենը կառավարչին ուղարկած լինելու փաստը հավաստող ապացույցը:
3․ Միջնորդության բովանդակության և ներկայացման կարգի պահանջների խախտման դեպքում բողոքը ենթակա չէ քննության, որի մասին Սնանկության դատարանը մեկօրյա ժամկետում գրավոր հայտնում է բողոքարկողին։