Հոդված 123. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը
Հոդված 123. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելը
1. Քաղաքացիներն իրավունք ունեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներ առաջադրվել ինքնաառաջադրման կարգով` համապատասխան մարզային ընտրական հանձնաժողով այդ մասին ներկայացնելով դիմում և ընտրական գրավի մուծման անդորրագիր. մինչև 5000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի թեկնածուն` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, իսկ ավագանու անդամը` նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով, 5000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարը` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ ավագանու անդամը` 20-ապատիկի չափով:
2. Համայնքի ղեկավար ընտրվելու, ինչպես նաև թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
3. Ավագանու անդամ ընտրվելու, ինչպես նաև ընտրատարածքում թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ ստանալու դեպքերում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է: Ձայների 5 տոկոսից պակաս ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե:
4. Քաղաքացին ինքնաառաջադրման մասին դիմումում նշում է իր ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, աշխատավայրը, պաշտոնը (զբաղմունքը) և կուսակցական պատկանելությունը:
5. Ինքնաառաջադրվող քաղաքացին դիմումին կից ներկայացնում է`
1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը.
2) տեղեկանք` վերջին մեկ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.
3) տեղեկանք` վերջին մեկ տարում տվյալ համայնքում հաշվառված լինելու մասին.
4) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ:
6. Սույն հոդվածի 5-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու ինքնաառաջադրվող քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` երեք օրվա ընթացքում:
7. Նշված փաստաթղթերն ինքնաառաջադրվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները ներկայացնում են անձամբ կամ իրենց լիազոր ներկայացուցչի միջոցով:
8. Համայնքի ղեկավարի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում: Ավագանու անդամի թեկնածուն կարող է առաջադրվել միայն մեկ ընտրատարածքում: