Հոդված 42. Մարզային ընտրական հանձնաժողովի լիազորությունները
Հոդված 42. Մարզային ընտրական հանձնաժողովի լիազորությունները
1. Մարզային ընտրական հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն` ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Մարզային ընտրական հանձնաժողովը`
1) կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկված անձանց ուսուցումը.
2) տնօրինում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար հատկացված պետական բյուջեի միջոցները.
3) համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է տեղամասերը` նշելով վերջիններիս քվեարկության տեղը (տեղամասի կենտրոնը): Այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողով.
4) սահմանում է տեղամասերի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարածքների հերթական համարները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան.
5) տեղամասային ընտրական հանձնաժողովներին ապահովում է անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, ընտրական փաստաթղթերով, սահմանված կարգով կազմակերպում է ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցառումներ, վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների ապահովումը շենքերով, կահավորանքով, տրանսպորտով, կապի և անհրաժեշտ այլ միջոցներով.
6) իր և տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հաղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողով.
7) քննարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների վերաբերյալ ստացված դիմումներն ու բողոքները, վերանայում կամ վերացնում է տեղամասային ընտրական հանձնաժողովների` սույն օրենսգրքին հակասող որոշումները.
8) ըստ տեղամասերի, տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների տվյալների հիման վրա հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները.
9) պարզում և ամփոփում է ընտրությունների արդյունքները և դրանք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` անցկացնում ստուգումներ.
10) հայտարարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը.
11) հետևում է համայնքի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները կազմելուն և համընդհանուր ծանոթացման համար դրանք տեղամասերում ներկայացնելուն.
12) ապահովում է ընտրական կենտրոնների, խցիկների, քվեատուփերի, ինչպես նաև քվեարկության համար անհրաժեշտ այլ միջոցների նախապատրաստումը.
13) հավատարմագրում է հայտ ներկայացրած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին.
14) գրանցում է Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցող թեկնածուներին և տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշի վկայական: Օրենքով սահմանված դեպքերում մերժում, ուժը կորցրած կամ անվավեր է ճանաչում նրանց գրանցումը: Համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ներկայացուցիչներին տալիս է վստահված անձանց` օրենքով սահմանված քանակությամբ վկայականներ.
15) գրանցում և վկայականներ է տալիս համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուներին.
16) պարզում, ամփոփում և հաստատում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, օրենքով սահմանված դեպքերում անցկացնում է ստուգումներ, կայացած, անվավեր կամ չկայացած է ճանաչում ընտրությունները.
17) ամփոփում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների արդյունքները.
18) վկայականներ է տալիս համայնքների ընտրված ղեկավարներին և ավագանու անդամներին.
19) պարզում և ամփոփում է Հանրապետության Նախագահի, համամասնական և մեծամասնական ընտրակարգով` Ազգային ժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները և դրանք, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով.
20) վերահսկում է տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից սույն օրենսգրքի կատարման ընթացքը.
21) դիմում է իրավասու պետական մարմիններին` սույն օրենսգրքի խախտման դեպքերում.
22) իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ: