Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

գործել է մինչև 1999-03-23Բացել ARLIS-ում

Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները

1. Պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը: Նախընտրական քարոզչությունն իրականացվում է հավասար հիմունքներով: Այն ապահովում են պետական մարմինները` ընտրական հանձնաժողովների պահանջով` նախընտրական ժողովներ, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումներ և ընտրությունների հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով նրանց դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք ընտրություններին մասնակցող թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցով և կարգով:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները (այսուհետ` կուսակցություն), հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն օրենքով չարգելված ձևերով քարոզչություն կատարել ցանկացած թեկնածուի կամ կուսակցության օգտին կամ նրա դեմ:

3. Զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար թեկնածուներին և կուսակցություններին երաշխավորվում են հավասար պայմաններ:

4. Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`

1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.

2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.

3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.

4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին:

5. Նախընտրական քարոզչությունն սկսվում է թեկնածուների և կուսակցությունների գրանցման համար նախատեսված վերջին օրը և վերջանում է քվեարկությունից մեկ օր առաջ: Քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է: Տեղամասային կենտրոնում չգտնվող քարոզչական նյութերը քվեարկության օրը մնում են իրենց տեղերում:

6. Նախընտրական քարոզչությունը կարող է անցկացվել զանգվածային լրատվության միջոցներով, հրապարակային նախընտրական միջոցառումների ձևով (նախընտրական ժողովներ և հանդիպումներ ընտրողների հետ, հրապարակային նախընտրական քննարկումներ, բանավեճեր, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու միջոցով), տպագիր նյութեր հրապարակելու, ձայնագրված և նկարահանված նյութեր տարածելու միջոցով:

7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

8. Թեկնածուները և կուսակցությունները պարտավոր են պահպանել նախընտրական քարոզչության կազմակերպման սահմանված կարգը: Ընտրական հանձնաժողովները հսկում են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանումը: Այդ կարգի խախտման դեպքում թեկնածուին (կուսակցությանը) գրանցած հանձնաժողովը դիմում է իրավասու մարմիններ` դրանք կանխելու նպատակով, ինչպես նաև դատարան` տվյալ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն չեղյալ հայտարարելու համար: Ընտրական հանձնաժողովներից այդպիսի դիմումներ ստանալու դեպքում դատարանը պարտավոր է որոշում կայացնել հնգօրյա ժամկետում, իսկ քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում` անհապաղ:

9. Ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են իրենց վստահված անձանց միջոցով: Այդ նպատակով` ձերբակալված և կալանքի տակ գտնվող թեկնածուներն իրավունք ունեն նախընտրական քարոզչության ընթացքում` օրական մինչև 2 ժամ տևողությամբ, ձերբակալվածներին պահելու և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում հանդիպումներ ունենալ ոչ ավելի, քան իրենց 3 վստահված անձի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։