Հոդված 27. Վստահված անձի կարգավիճակը
Հոդված 27. Վստահված անձի կարգավիճակը
1. Կուսակցություններն` իրենց ընտրական ցուցակները գրանցելուց, իսկ թեկնածուները` գրանցվելուց հետո ընտրական հանձնաժողովներում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների հետ փոխհարաբերություններում, իրենց շահերը պաշտպանելու նպատակով, կարող են ունենալ վստահված անձինք: Վստահված անձ կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները:
2. Կուսակցությունների ընտրական ցուցակները և թեկնածուներին գրանցելուց հետո, ըստ ներկայացված ցուցակների, վստահված անձանց տրվում են կնքված վկայականներ, բայց տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի: Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում: Համապատասխան հանձնաժողովը վկայականում նշում է թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության անվանումը: Թեկնածուն կամ կուսակցության ղեկավարը վկայականները լրացնում և տրամադրում է վստահված անձանց:
3. Վստահված անձանց գրանցման կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, կուսակցությունների ղեկավարները ցանկացած պահի կարող են հետ կանչել իրենց նշանակած վստահված անձանց, նշանակել նորերին` այդ մասին գրավոր տեղյակ պահելով համապատասխան ընտրական հանձնաժողովին:
4. Վստահված անձ չեն կարող լինել սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության նախարարությունների, դատախազության, հարկային և մաքսային մարմինների աշխատակիցները, սոցիալական ապահովության մարմինների (ծառայությունների) աշխատակիցները, զինծառայողները, հոգևորականները, ընտրական հանձնաժողովի անդամները, պետական զանգվածային լրատվության միջոցների ղեկավարները և օտարերկրյա քաղաքացիները: