Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով
Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով
1. Հանրապետության Նախագահի թեկնածուները և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունները պետական ռադիոյով և պետական հեռուստատեսությամբ հավասար պայմաններով անվճար և վճարովի եթերաժամերի (այդ թվում` ուղիղ եթերով) իրավունք ունեն:
2. Պետական ռադիոյից և պետական հեռուստատեսությունից Հանրապետության Նախագահի թեկնածուներին և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցություններին անվճար եթերաժամ տրամադրելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Թեկնածուներն ու կուսակցություններն իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաև տեղական ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից:
4. Պարբերական մամուլի ղեկավարությունը, բացառությամբ կուսակցական մամուլի ղեկավարության, որի հիմնադիրներից մեկը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին է կամ որը ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների միջոցներից, քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր է հավասար պայմաններ ապահովել թեկնածուների և կուսակցությունների համար:
5. Զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչությունն իրականացվում է հրապարակային բանավեճերի, կլոր սեղանների, մամուլի ասուլիսների, հարցազրույցների, քաղաքական գովազդի և օրենքով չարգելված այլ ձևերով:
6. Արգելվում է նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումներն ընդմիջել ապրանքների կամ ծառայությունների գովազդով:
7. Տեղամասային կենտրոններում արգելվում է նախընտրական շտաբների տեղակայումը, իսկ քվեարկության օրվանից առաջ` 7 օրվա ընթացքում` նաև նախընտրական քարոզչությունը:
8. Նախընտրական քարոզչությանը վերաբերող ռադիոհաղորդումները և հեռուստահաղորդումները եթեր հեռարձակելիս ձայնագրվում և տեսագրվում են: Դրանք պահպանվում են առնվազն վեց ամիս:
9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները նախընտրական քարոզչության նպատակով կազմակերպվող հանդիպումների, հանրահավաքների, ժողովների համար թեկնածուներին և կուսակցություններին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրում են անհրաժեշտ տարածքներ: Արգելվում է պատմամշակութային շինությունները և դրանց հարող տարածքները վերոնշյալ նպատակներով տրամադրելը: