Հոդված 63. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 63. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մարզային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրությունների նախնական արդյունքների հիման վրա, ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 28 ժամ հետո, հրապարակում է ընտրությունների նախնական արդյունքները` թեկնածուներից յուրաքանչյուրի օգտին տրված ձայների թիվը, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը և անճշտությունների չափը:
2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նիստին կարող են մասնակցել նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, մարզերում ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփ տվյալների հիման վրա, քվեարկությունից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ մարզային ընտրական հանձնաժողովում` տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում` 5 օր հետո, կազմում է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը` ամփոփ և ըստ մարզերի նշելով հետևյալ տվյալները`
1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակի.
2) գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված քվեաթերթիկների թիվը.
4) մարված քվեաթերթիկների թիվը.
5) քվեատուփերում վավեր քվեաթերթիկների թիվը.
6) անվավեր քվեաթերթիկների թիվը.
7) քվեատուփում քվեաթերթիկների ընդհանուր թիվը.
8) բոլոր թեկնածուներին (կուսակցություններին) դեմ քվեարկած քվեաթերթիկների թիվը.
9) յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը.
10) թեկնածուների (կուսակցությունների) օգտին տրված ձայների ընդհանուր թիվը.
11) անճշտությունների չափը:
4. Արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:
5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:
6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:
7. Թեկնածուի (կուսակցության) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի և տեղակալի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:
8. Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների նախնական ամփոփիչ արձանագրությունները կազմվում են քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելուց հետո 2 ժամվա ընթացքում:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` հանձնաժողովի անդամներից որևէ մեկը քվեարկության ավարտից հետո` երեքժամյա պարբերականությամբ, հանդես է գալիս Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացիկ արդյունքների վերաբերյալ` պետական հեռուստատեսությամբ և պետական ռադիոյով: Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումն ընդունելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը 3 ժամվա ընթացքում, պետական ռադիոյի և պետական հեռուստատեսության ուղիղ եթերով, պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ