Հոդված 67. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից
Հոդված 67. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կուսակցությունների կողմից
1. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրում է իր մշտապես գործող մարմնի որոշմամբ:
2. Միևնույն անձի թեկնածությունը տարբեր կուսակցությունների կողմից պաշտպանվելու դեպքում կարող են կազմավորվել կուսակցությունների դաշինքներ:
3. Կուսակցությունների դաշինքները կարող են կազմավորվել միևնույն անձի թեկնածությունը պաշտպանող առնվազն երկու կուսակցության միանալու դեպքում:
4. Կուսակցությունների դաշինքի մեջ մտած կուսակցություններն ընտրությունների ընթացքում չեն կարող մտնել այլ կուսակցությունների դաշինքի մեջ:
5. Կուսակցությունների դաշինքի մեջ մտնելու որոշումն ընդունվում է կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ:
6. Կուսակցությունների դաշինքը գրանցվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում` կուսակցությունների մշտապես գործող մարմնի որոշումը ներկայացնելուց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում: Յուրաքանչյուր կուսակցություն իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:
7. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության մշտապես գործող մարմնի որոշումը պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի`
1) ազգանունը, անունը.
2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
3) բնակության վայրը.
4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).
5) կուսակցական պատկանելությունը.
6) անձնագրի համարը.
7) հայտարարագիր` իր սեփականության (ունեցվածքի) և վերջին մեկ տարում իր և իր ընտանիքի անդամների եկամուտների մասին:
8. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշման հետ միաժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրող կուսակցության կանոնադրությունը (կուսակցությունների դաշինքի դեպքում` դաշինքի մեջ մտած բոլոր կուսակցությունների կանոնադրությունները):
9. Կուսակցության մշտապես գործող մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու համար ներկայացնում է երկու լիազոր ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
10. Կուսակցությունը Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված փաստաթղթերը և լիազոր ներկայացուցիչների վերաբերյալ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետում:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հավաստիանալով ներկայացված փաստաթղթերի վավերականության մեջ, առաջադրման ժամկետը լրանալուց հետո` 5 օրվա ընթացքում, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին)` ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նրանց լիազոր ներկայացուցիչների, հանձնում է Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները: Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների հանձնման մասին կազմվում է արձանագրություն:
Հանրապետության Նախագահի թեկնածուն առաջադրված է համարվում, եթե նրա առաջադրումը պաշտպանել է առնվազն 35 հազար քաղաքացի` իրենց կամքն ստորագրությամբ արտահայտելով առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում: