Հոդված 131. Քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
Հոդված 131. Քվեարկության արդյունքների ամփոփման կարգը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացված արձանագրությունների հիման վրա մարզային ընտրական հանձնաժողովն իր նիստում, որին կարող են մասնակցել ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք, կազմում է համայնքում ընտրության արդյունքների ամփոփիչ արձանագրություններ:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի երկու անդամի գրավոր դիմումի առկայության դեպքում մարզային ընտրական հանձնաժողովն ստուգում և պարզում է համապատասխան տեղամասային արձանագրության տվյալների համապատասխանությունը քվեարկության փաստացի արդյունքներին: Ստուգումներին կարող են մասնակցել հատուկ կարծիքի հեղինակները և համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:
3. Ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում մարզային ընտրական հանձնաժողովը կազմում է տվյալ տեղամասի ճշտված արձանագրությունները, որոնց կցվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի սկզբնական արձանագրությունները: Ճշտված արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունները կնքվում են մարզային ընտրական հանձնաժողովի կնիքով: Եթե մարզային ընտրական հանձնաժողովի անդամն հատուկ կարծիք ունի ճշտված արձանագրությունների տվյալների վերաբերյալ, ապա դա կցվում է արձանագրությանը, և այդ մասին նշվում է արձանագրությունում` նրա ստորագրության դիմաց: Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է ստորագրել ճշտված արձանագրությունները, ապա այդ մասին նշվում է արձանագրությունում: