Հոդված 78. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների իրավունքները և պարտականությունները
Հոդված 78. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների իրավունքները և պարտականությունները
1. Գրանցման պահից Հանրապետության Նախագահ առաջադրված այն թեկնածուները, ովքեր գտնվում են պետական ծառայության մեջ կամ աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ընտրությունների ընթացքում ազատվում են իրենց աշխատանքային պարտականությունները կատարելուց և իրավունք չունեն օգտագործելու իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը: Հանրապետության Նախագահը կամ Սահմանադրության համաձայն` Հանրապետության Նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը:
2. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածու գրանցված անձն ազատվում է զորահավաքներից և ուսումնավարժական հավաքներից: Այդ ժամանակահատվածում կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար հատկացված միջոցներից թեկնածուներին վճարում է գումարային փոխհատուցում` նրանց միջին աշխատավարձի չափով:
3. Արգելվում է Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուին ադմինիստրացիայի նախաձեռնությամբ ազատել աշխատանքից, տեղափոխել այլ աշխատանքի կամ գործուղել: Այդ ժամանակահատվածը թեկնածուի համար համարվում է աշխատանքային ստաժ այն մասնագիտությամբ, որով նա աշխատում էր մինչև թեկնածու առաջադրվելը:
4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն, քվեարկությունից մինչև 10 օր առաջ, իրավունք ունի հանել իր թեկնածությունը: Եթե դա կատարվել է առանց որևէ հարկադրանքի, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանում է համապատասխան թեկնածությունը` թեկնածուից պահանջելով հատուցել ֆինանսական այն ծախսերը, որոնք կատարել է պետությունը նրա առաջադրման և նախընտրական քարոզչության համար:
5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուները չեն կարող քրեական կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկվել` առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշված հարցի վերաբերյալ որոշումն ընդունում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով: