Հոդված 134. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
Հոդված 134. Ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
1. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա մարզային ընտրական հանձնաժողովն ամփոփում է ընտրության արդյունքները և քվեարկության ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) համայնքի ավագանու անդամներ ընտրվելու մասին.
2) համայնքի ավագանու անդամների ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) համայնքի ավագանու անդամների ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
2. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփվում են ըստ սույն օրենսգրքի 120 հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների:
3. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրությունները կարող են անվավեր կամ չկայացած ճանաչվել ըստ 120 հոդվածի 3-րդ կետում նշված բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքների:
4. Տվյալ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածքում ընտրված են համարվում առավելագույն «կողմ» ձայներ ստացած` համայնքի ավագանու առաջին 5 թեկնածուները:
5. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը: Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
6. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրությունը համարվում է չկայացած, եթե վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր: Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
7. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում մանդատների բաշխումը կատարվում է վիճակահանությամբ` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
8. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
9. Համայնքի ավագանու անդամ առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքների վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում: