Հոդված 139. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար
Հոդված 139. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար
Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության են հանգեցնում`
1) մեկից ավելի ընտրական տեղամասերում ընտրողների ցուցակներում գրանցվելը, մեկից ավելի անգամ քվեարկելը, այլ անձի փոխարեն քվեարկելը.
2) համայնքի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները կազմելու կարգը և ժամկետները խախտելը.
3) թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում կեղծիքներ կատարելը.
4) քվեարկության արդյունքներն աղավաղելը.
5) քվեաթերթիկներ թաքցնելը, քվեատուփերի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելը.
6) ընտրությունների արդյունքները դիտավորությամբ աղավաղելը.
7) քվեաթերթիկներ և ընտրական հանձնաժողովի կնիքներ կեղծելը.
8) քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները կեղծելը.
9) ոչ ծառայողական պարտականություններ կատարելիս տեղամասային կենտրոն զինված մտնելը.
10) զինծառայողներին պետի ցուցումով շարային կարգով կամ զինված քվեարկության տանելը կամ պարտադրելը.
11) քվեարկության օրն ընտրական հանձնաժողովների բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելը.
12) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը.
13) ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը.
14) ընտրական հանձնաժողովի անդամի, դիտորդի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, նախաձեռնող խմբի անդամի հանդեպ բռնի գործողություններ կատարելը կամ վիրավորանք հասցնելը.
15) ընտրական գործառնություններին խոչընդոտելը.
16) քվեատուփ հափշտակելը.
17) ընտրական հանձնաժողովների անդամների կամ պետական ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից ընտրությունների բնականոն ընթացքը խոչընդոտելը.
18) ընտրողների ազատ կամքի արտահայտությանը բռնանալը.
19) քվեարկության գաղտնիությունը խախտելը.
20) քվեարկությանը նախորդող 7 օրվա ընթացքում թեկնածուների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելը.
21) հատուկ տեղերում փակցված պաստառները պոկելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը.
22) թեկնածուների կամ կուսակցությունների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը.
23) քվեաթերթիկն ինքնուրույն լրացնել չկարողացող անձին խաբելը.
24) նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը.
25) նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը խոչընդոտելը.
26) անանուն տպագիր քարոզչական նյութեր տարածելը.
27) թեկնածուների և կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնելը.
28) ընտրական հանձնաժողովների կնիքները չվերադարձնելը.
29) պետական և մասնավոր լրատվամիջոցների կողմից թեկնածուների միջև հավասար պայմաններ չապահովելը.
30) վստահված անձի, դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կողմից ընտրական փաստաթղթերի, քվեաթերթիկների նմուշների, ընտրական հանձնաժողովի որոշումներին ծանոթանալուն խոչընդոտելը, հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները չտալը կամ դրանցից քաղվածքներ կատարել չթույլատրելը.
31) ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը: