Հոդված 133. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
Հոդված 133. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքներն ամփոփելը
1. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի քվեարկության ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա` մարզային ընտրական հանձնաժողովն ամփոփում է ընտրության արդյունքները և սույն օրենսգրքի 62 հոդվածով սահմանված կարգով և ժամկետում ընդունում հետևյալ որոշումներից մեկը`
1) համայնքի ղեկավար ընտրվելու մասին.
2) համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին.
3) համայնքի ղեկավարի ընտրությունը չկայացած ճանաչելու մասին:
2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Եթե քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է մասնակիցների ձայների կեսից ավելին:
3. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե ձայների քանակի վրա ազդող անճշտությունների չափը բացառում է ընտրված թեկնածուին պարզելու հնարավորությունը: Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր ճանաչվելու դեպքում ընտրությունից 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
4. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`
1) քվեարկված մեկ թեկնածուն չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ.
2) ընտրված թեկնածուն մահացել է մինչև ընտրության արդյունքներն ամփոփելը.
3) վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:
5. Մարզային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան մարզպետին:
6. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության արդյունքների վերաբերյալ` մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունելուց հետո` 3 օրվա ընթացքում:
7. Համայնքի ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրությունը դատարանի որոշմամբ անվավեր ճանաչվելու դեպքում որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց 14 օր հետո, սույն օրենսգրքով սահմանված կարգով և թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:
8. Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ: