Հոդված 25. Նախընտրական հիմնադրամը
Հոդված 25. Նախընտրական հիմնադրամը
1. Թեկնածուները և կուսակցություններն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով իրավունք ունեն ձևավորել նախընտրական հիմնադրամ: Հանրապետության Նախագահի թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, իսկ մյուս թեկնածուներինը` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ բանկում (հատուկ հաշվեհամարում): Նախընտրական հիմնադրամի միջոցները տնօրինում են թեկնածուները և կուսակցությունները: Գրանցված թեկնածուների, կուսակցությունների գրավոր դիմումի համաձայն` բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:
Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`
1) թեկնածուի անձնական միջոցներից.
2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից.
3) կուսակցության սեփական միջոցներից.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:
2. Նախընտրական հիմնադրամներում մուծումներ կատարելու իրավունք չունեն`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները.
2) բյուջետային հիմնարկները (կազմակերպությունները).
3) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք.
4) քաղաքացիություն չունեցող անձինք.
5) այն տնտեսական կազմակերպությունները, որոնց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում բաժնեմաս ունեն Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքները.
6) այն կազմակերպությունները, որոնց բաժնեհավաք կապիտալում 30 տոկոսից ավելին կազմում են օտարերկրյա միջոցները.
7) բարեգործական և կրոնական կազմակերպությունները, միջազգային կազմակերպությունները և միջազգային հասարակական շարժումները:
Սույն կետում նշված ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին մուծված գումարները փոխանցվում են պետական բյուջե:
3. Նախընտրական հիմնադրամներում կատարվող կամավոր մուծումների կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամներում կատարվող մուծումների առավելագույն չափերը սահմանվում են սույն օրենսգրքով: Սահմանված չափը գերազանցող մուծումները, ինչպես նաև ընտրություններից հետո նախընտրական հիմնադրամում մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:
5. Նախընտրական հիմնադրամների միջոցները ծախսվում են թեկնածուի և կուսակցության լիազորած անձանց միջոցով:
6. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ, եռօրյա պարբերականությամբ համապատասխան ընտրական հանձնաժողով տեղեկանք են ներկայացնում թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների վերաբերյալ: Այդ բանկերը նախընտրական հիմնադրամ մուծումներ կատարելու իրավունք ունեցող անձանց են վերադարձնում սույն օրենսգրքով սահմանված նախընտրական հիմնադրամների առավելագույն չափը լրացված լինելուց հետո ստացված գումարները:
7. Եթե թեկնածուն կամ կուսակցությունը նախընտրական քարոզչության համար, բացի նախընտրական հիմնադրամի միջոցներից, օգտագործում է նաև այլ միջոցներ, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանը կարող է չեղյալ հայտարարել թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
8. Թեկնածուների և կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշվարկային հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները դադարեցվում են քվեարկության օրվանից:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է թեկնածուներին, կուսակցություններին թույլատրել հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո` մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համաձայն:
10. Ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները սառեցվում են մինչև նոր ընտրությունների համար թեկնածուներ կամ կուսակցություններ գրանցելը: Նոր ընտրությունների համար կրկին գրանցված թեկնածուները կամ կուսակցությունները կարող են օգտագործել իրենց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները: Նոր ընտրությունների համար թեկնածուների կամ կուսակցությունների չգրանցվելու դեպքում նրանց նախընտրական հիմնադրամներում մնացած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:
11. Թեկնածուները և կուսակցությունները, ոչ ուշ, քան ընտրություններից մեկ ամիս հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր` իրենց նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ: Հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագիրը հրապարակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: