Հոդված 60. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու և անճշտությունները որոշելու կարգը
Հոդված 60. Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու և անճշտությունները որոշելու կարգը
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, փակում է քվեատուփի ճեղքը, դուրս է հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում է տեղամասային կենտրոնը: Նշված գործողություններն իրականացնելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով`
1) հաշվարկվում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարվում և զմռսվում է չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների փաթեթը.
2) ընտրողների ցուցակների հիման վրա հաշվարկվում է ընտրողների ընդհանուր թիվը.
3) ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկվում է քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը, այնուհետև նշված ցուցակը զմռսվում է.
4) բացվում է քվեատուփը:
2. Հանձնաժողովի նախագահը քվեատուփից հանում է մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում է քվեաթերթիկի վավեր կամ անվավեր լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում` նաև, թե ում օգտին է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկությունը դրվում է քվեարկության: Առարկության դեպքում` քվեարկության արդյունքով, իսկ առարկություն չլինելու դեպքում` հանձնաժողովի նախագահն իր հայտարարության համաձայն` քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի (կուսակցության) օգտին, «բոլորին դեմ» կամ «անվավեր» քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:
3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ, մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, բոլորին դեմ քվեարկված ձայների, ինչպես նաև յուրաքանչյուր թեկնածուի (կուսակցության) օգտին տրված ձայների թիվը: Արդյունքների հիման վրա հաշվարկվում է սահմանված նմուշի վավեր քվեաթերթիկների և թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը: Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները փաթեթավորվում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով զմռսվում են:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով տեղամասային ամփոփիչ արձանագրության տվյալները, կազմում է արձանագրություն` անճշտությունների չափի վերաբերյալ: Հանձնաժողովն անճշտությունների չափը որոշում է հետևյալ կերպ`
1) համադրում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրված քվեաթերթիկների թիվը` քվեատուփում քվեաթերթիկների թվի և մարված քվեաթերթիկների թվի գումարի հետ: Տարբերությունը նշում է որպես առաջին անճշտության չափ.
2) միմյանց հետ համադրում է ընտրողների ցուցակներում ստորագրությունների թիվը քվեատուփում քվեաթերթիկների թվի հետ: Բացարձակ թվով տարբերությունը նշում է որպես երկրորդ անճշտություն.
3) գումարում է սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր գործողություն կատարվում է նշված հերթականությամբ, ընդ որում, յուրաքանչյուր գործողություն կատարվում է նախորդն ավարտելուց և համապատասխան արձանագրություն կազմելուց հետո: Նշված գործողություններից յուրաքանչյուրի վերաբերյալ, հանձնաժողովի նիստին ներկա անդամների ստորագրությամբ, կազմվում է առանձին արձանագրություն` երկու օրինակից, որոնցից մեկը փաթեթավորվում և զմռսվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ: