Հոդված 69. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ստորագրություններ հավաքելու կարգը
Հոդված 69. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում ստորագրություններ հավաքելու կարգը
1. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում առաջադրողը նշում է առաջադրվող թեկնածուի ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, բնակության վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը):
2. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկը համարակալված գրքույկ է, որը բաղկացած է տպարանային եղանակով` 500 համարակալված տողից, որոնք նախատեսված են քաղաքացիների ազգանվան, անվան, հաշվառման վայրի, անձը հաստատող փաստաթղթի համարի և ստորագրության համար: Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջում նշվում է գրքույկի համարը:
3. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող` ստորագրությունները հավաքող պատասխանատու անձի ազգանվան, անվան, հաշվառման վայրի, անձնագրի համարի և ստորագրության համար:
4. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկի յուրաքանչյուր էջի վերջում նախատեսվում է առանձին տող կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներն ստացողի ստորագրության համար:
5. Յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչներին տրվում է առաջադրումը պաշտպանելու 80 պաշտոնաթերթիկ:
6. Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կազմակերպող յուրաքանչյուր կուսակցություն կամ նախաձեռնող խումբ ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրումը պաշտպանելու համար ստորագրություններ հավաքելը` նրանց տալով վկայագիր:
7. Առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր քաղաքացի ստորագրում է անձամբ:
8. Ստորագրություններ հավաքելու նպատակով արգելվում է անձամբ կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին դրամ, արժեթղթեր, սննդամթերք, ապրանքներ տալը (խոստանալը) կամ անհատույց ծառայություններ մատուցելը (խոստանալը):