Հոդված 10. Հրապարակային հաշվետվությունը
Հոդված 10. Հրապարակային հաշվետվությունը
Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը` յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր պետական վարչակազմում թափանցիկության մեծացման համար, այդ թվում՝ դրա կազմակերպման, գործունեության և, համապատասխան դեպքերում, որոշումների կայացման գործընթացների առնչությամբ: Այդպիսի միջոցները. inter alia, կարող են ներառել հետևյալը.
ա) ընթացակարգերի կամ կանոնակարգերի ընդունումը, որոնք բնակչությանը թույլ կտան, համապատասխան դեպքերում, տեղեկատվություն ստանալ իր պետական վարչակազմի կազմակերպման, գործունեության և որոշումների ընդունման գործընթացների վերաբերյալ և, պատշաճորեն հաշվի առնելով մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության նկատառումները, հանրության անդամների շահերը շոշափող որոշումների և իրավաբանական ակտերի վերաբերյալ.
բ) վարչական ընթացակարգերի հստակեցումը, համապատասխան դեպքերում, որոշումներ կայացնող իրավասու մարմինների նկատմամբ հանրության մուտքը դյուրացնելու համար, և
գ) այն տեղեկատվության հրապարակումը, որը կարող է ներառել պետական վարչակազմում կոռուպցիայի վտանգների մասին պարբերական հաշվետվությունները։