Հոդված 9. Հանրային գնումները և պետական ֆինանսների կառավարումը
Հոդված 9. Հանրային գնումները և պետական ֆինանսների կառավարումը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի գնումների պատշաճ համակարգեր ստեղծելու համար, որոնք հիմնվում են թափանցիկության, մրցակցության և որոշումների ընդունման օբյեկտիվ չափանիշների վրա, որոնք, inter alia, կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից արդյունավետ են համարվում: Այդպիսի համակարգերը, որոնք դրանց կիրառման ժամանակ կարող են նախատեսել պատշաճ շեմային ցուցանիշներ, inter alia, շոշափում են հետևյալը.
ա) գնումների ընթացակարգերին և գնումների պայմանագրերին վերաբերող տեղեկատվության հրապարակային տարածումը, ներառյալ գնումներին մասնակցելու հրավիրվածների մասին տեղեկատվությունը և պատշաճ կամ հարմար կերպով այն տեղեկատվությունը, որը թույլ է տալիս սակարկության հավանական մասնակիցներին բավարար ժամանակ ունենալ նախապատրաստվելու և իրենց տենդերային դիմումները ներկայացնելու համար.
բ) մասնակցության պայմանների նախօրոք սահմանումը, ներառյալ ընտրություն կատարելու և պայմանագրերի կնքման վերաբերյալ որոշումներ ընդունելու չափանիշները, ինչպես նաև սակարկության անցկացման կանոնները և դրանց հրապարակումը.
գ) հրապարակային գնումների վերաբերյալ որոշումների ընդունման առնչությամբ նախապես սահմանված և օբյեկտիվ չափանիշների օգտագործումը՝ կանոնների կամ ընթացակարգերի կիրառման ճշտության հետագա ստուգմանն օժանդակելու նպատակով.
դ) ներքին վերահսկողության արդյունավետ համակարգը, ներառյալ բողոքարկման արդյունավետ համակարգը` սույն կետի համաձայն սահմանված կանոնները կամ ընթացակարգերը չպահպանելու դեպքում վիճարկման իրավաբանական միջոցների և իրավական պաշտպանության միջոցների ապահովման համար.
ե) համապատասխան դեպքերում՝ գնումների համար պատասխանատվություն կրող անձնակազմին վերաբերող հարցերի կարգավորումը, ինչպիսիք են որոշակի հրապարակային գնումներով շահագրգռված լինելու` հայտարարագրման, ստուգման ընթացակարգերի վերաբերյալ պահանջները և դասընթացների նկատմամբ պահանջները:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի պետական ֆինանսների կառավարման թափանցիկությանը և հաշվետվությանը նպաստելու ուղղությամբ։ Այդպիսի միջոցները, inter alia, պետք է ներառեն.
ա) ազգային բյուջեի ընդունման ընթացակարգերը.
բ) մուտքերի և ծախսերի մասին ժամանակին զեկուցումը.
գ) հաշվապահական հաշվառման ստանդարտների համակարգը և ստուգման ու դրա հետ կապված հսկողության համակարգը.
դ) ռիսկերի և ներքին վերահսկողության կառավարման արդյունավետ և ներգործուն համակարգերը, և
ե) համապատասխան դեպքերում՝ սույն կետում սահմանված պահանջները չպահպանելու դեպքում շտկումներ կատարելը:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի քաղաքացիաիրավական և վարչական միջոցներ, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետական ծախսերին և եկամուտներին վերաբերող հաշվապահական գրքերի, գրանցումների, ֆինանսական տեղեկագրերի կամ այլ փաստաթղթերի պահպանումը ապահովելու և այդպիսի փաստաթղթերի կեղծմանը հակազդելու համար։