Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Տերմինների օգտագործումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Տերմինների օգտագործումը

Սույն Կոնվենցիայի նպատակների համար՝

ա) «պաշտոնատար անձ» նշանակում է.

i) նշանակովի կամ ընտրովի ցանկացած անձ, որը մշտական կամ ժամանակավոր հիմունքներով, վարձատրությամբ կամ առանց աշխատանքի վարձատրության որևէ պաշտոն է զբաղեցնում Մասնակից պետության օրենսդիր, գործադիր, վարչական կամ դատական մարմնում` անկախ այդ անձի պաշտոնի մակարդակից.

ii) պետական գործառույթ իրականացնող ցանկացած այլ անձ, այդ թվում՝ պետական գերատեսչության կամ պետական ձեռնարկության համար, կամ որևէ հանրային ծառայություն մատուցող, ինչպես դա սահմանված է Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, և ինչպես դա կիրառվում է այդ Մասնակից պետության իրավական կարգավորման համապատասխան բնագավառում.

iii) որևէ այլ անձ, որը Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ սահմանվում է որպես «պաշտոնատար անձ»։ Այնուամենայնիվ, սույն Կոնվենցիայի II գլխով նախատեսված որոշակի միջոցների նպատակով «պաշտոնատար անձ»-ը կարող է նշանակել ցանկացած անձ, որն իրականացնում է որևէ պետական գործառույթ կամ մատուցում է որևէ հանրային ծառայություն, ինչպես դա սահմանված է Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, և ինչպես դա կիրառվում է տվյալ Մասնակից պետության իրավական կարգավորման համապատասխան բնագավառում.

բ) «օտարերկրյա պաշտոնատար անձ» նշանակում է՝ նշանակովի կամ ընտրովի ցանկացած անձ, որը որևէ պաշտոն է զբաղեցնում օտարերկրյա պետության օրենսդիր, գործադիր, վարչական կամ դատական մարմնում, և ցանկացած անձ, որը որևէ պետական գործառույթ է կատարում օտարերկրյա պետության համար, այդ թվում՝ պետական գերատեսչության կամ պետական ձեռնարկության համար.

գ) «միջազգային կազմակերպության պաշտոնատար անձ» նշանակում է` միջազգային քաղաքացիական ծառայող կամ ցանկացած անձ, որն այդպիսի կազմակերպության կողմից լիազորված է` գործելու նրա անունից.

դ) «գույք» նշանակում է` ցանկացած արժեք` լինի նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ, իրերի կամ իրավունքների ձևով արտահայտված, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթեր կամ ակտեր, որոնք հաստատում են այդպիսի արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը կամ դրանցում շահ ունենալը.

ե) «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներ» նշանակում է` ցանկացած գույք, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք է բերվել կամ ստացվել է որևէ իրավախախտում կատարելու հետևանքով.

զ) «սառեցում» կամ «առգրավում» նշանակում է` դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումով գույքի փոխանցումը, փոխակերպումը, օտարումը կամ տեղափոխումը ժամանակավոր արգելել կամ այդպիսի գույքի տիրապետումը ժամանակավորապես ստանձնել կամ դրա նկատմամբ հսկողություն իրականացնել.

է) «բռնագրավում», որը կիրառելի դեպքերում ներառում է նաև արգելանքը, նշանակում է` դատարանի կամ իրավասու այլ մարմնի որոշումով գույքից վերջնականորեն զրկել.

ը) «հիմնական իրավախախտում» նշանակում է` ցանկացած իրավախախտում, որի հետևանքով ստացվել են եկամուտներ, որոնց նկատմամբ կարող են կատարվել սույն Կոնվենցիայի 23-րդ հոդվածում նշված` հանցակազմ ձևավորող արարքները.

թ) «վերահսկվող մատակարարում» նշանակում է` մեթոդ, որի դեպքում ապօրինի կամ կասկած հարուցող բեռների խմբաքանակի արտահանումը, փոխադրումը կամ ներմուծումը մեկ կամ մի քանի պետությունների տարածք թույլատրվում է նրանց իրավասու մարմինների գիտությամբ և հսկողության ներքո՝ որևէ իրավախախտման հետաքննության և այդ իրավախախտման կատարմանը մասնակցող անձանց բացահայտման նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։