Անցնել բովանդակությանը

Հոդված 46. Փոխադարձ իրավական օգնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 46. Փոխադարձ իրավական օգնությունը

1. Մասնակից պետությունները պետք է ամենալայն փոխադարձ իրավական օգնություն ցույց տան միմյանց սույն Կոնվենցիայով ընդգրկած իրավախախտումների հետ կապված քննության, քրեական հետապնդման և դատաքննության գործում:

2. Փոխադարձ իրավական օգնությունը պետք է ցուցաբերվի առավելագույն ծավալով, որը հնարավոր է հայցվող Մասնակից պետության համապատասխան օրենքների, միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ պայմանավորվածությունների համաձայն այն իրավախախտումների հետ կապված քննության, քրեական հետապնդման և դատաքննության առնչությամբ, որոնց կատարման համար հայցող Մասնակից պետությունում կարող է պատասխանատվության ենթարկվել իրավաբանական անձը` սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի համաձայն:

3. Սույն հոդվածի համաձայն տրամադրվող փոխադարձ իրավական օգնությունը կարող է հայցվել հետևյալ նպատակներից որևէ մեկով.

ա) վկայի ցուցմունքներ կամ առանձին անձանցից հայտարարություններ ստանալու.

բ) դատական փաստաթղթեր հանձնելու.

գ) խուզարկություն անցկացնելու և առգրավելու, ինչպես նաև գործառնությունները սառեցնելու.

դ) օբյեկտները և տեղանքի հատվածները զննելու.

ե) տեղեկատվություն, իրեղեն ապացույցներ և փորձագետների գնահատականներ տրամադրելու.

զ) համապատասխան փաստաթղթերի և նյութերի բնօրինակները կամ հաստատված պատճենները ներկայացնելու, ներառյալ կառավարական, բանկային, ֆինանսական, կորպորատիվ կամ առևտրային փաստաթղթերը.

է) հանցագործությունից ստացված եկամուտները, գույքը, հանցագործության կատարման գործիքները կամ այլ առարկաները բացահայտելու կամ դրան հետամուտ լինելու.

ը) հայցվող Մասնակից պետության մարմիններ համապատասխան անձանց կամավոր ներկայանալուն օժանդակելու.

թ) ցանկացած այլ տեսակի օգնություն ցույց տալու, որը չի հակասում հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությանը.

ժ) սույն Կոնվենցիայի V գլխի դրույթների համաձայն` հանցագործությունից ստացված եկամուտները բացահայտելու, սառեցնելու և հետամուտ լինելու.

ժա) սույն Կոնվենցիայի V գլխի դրույթների համաձայն` ակտիվներն առգրավելու նպատակներով։

4. Առանց խախտելու ներքին օրենսդրությունը, Մասնակից պետության իրավասու մարմինները կարող են, առանց նախնական խնդրանքի, քրեաիրավական հարցերով տեղեկատվություն փոխանցել մյուս Մասնակից պետության իրավասու մարմնին, երբ նրանք հավատում են, որ այդպիսի տեղեկատվությունը կարող է օգնել այդ մարմնին քննության և քրեական հետապնդման իրականացման կամ բարեհաջող ավարտելու գործում կամ կարող է հանգեցնել այդ Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիային համապատասխան կազմվող խնդրանքի։

5. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն տեղեկատվության փոխանցումը չպետք է վնասի տեղեկատվություն տրամադրած Պետությունում իրավասու մարմինների քննությանը և քրեական հետապնդմանը։ Տեղեկատվություն ստացած իրավասու մարմինները պետք է կատարեն այդ տեղեկատվության գաղտնի բնույթը պահպանելու մասին խնդրանքը նույնիսկ ժամանակավոր հիմունքներով կամ դրա օգտագործման սահմանափակումներով։ Այնուամենայնիվ, չպետք է խանգարի տեղեկատվություն ստացած Մասնակից պետությանը իր մոտ անցկացվող վարույթի ընթացքում բացահայտել այն տեղեկատվությունը, որը արդարացնում է մեղադրյալին։ Այդ դեպքում, նախքան տեղեկատվությունը բացահայտելը, տեղեկատվություն ստացած Մասնակից պետությունը տեղեկատվությունը պետք է հայտնի փոխանցող Մասնակից պետությանը և, եթե այդ մասին խնդրանք է ստացվել, խորհրդատվություններ անցկացնի տեղեկատվություն փոխանցած Պետության հետ: Եթե, բացառիկ դեպքերում, հնարավոր չէ վաղօրոք ծանուցել, ապա ստացող Մասնակից պետությունը պետք է այդպիսի բացահայտման մասին անհապաղ տեղեկացնի տեղեկատվություն փոխանցած Մասնակից պետությանը:

6. Սույն հոդվածի դրույթները չպետք է ազդեն որևէ այլ պայմանագրով պարտավորությունների վրա` լինեն դրանք երկկողմ, թե բազմակողմ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարգավորում է կամ կարգավորելու է փոխադարձ իրավական օգնությունը։

7. Սույն հոդվածի 9-29-րդ կետերը չպետք է կիրառվեն սույն հոդվածի հիման վրա ուղարկված խնդրանքների նկատմամբ, եթե համապատասխան Մասնակից պետությունները կապված չեն փոխադարձ իրավական օգնության մասին որևէ պայմանագրով։ Եթե այդ Մասնակից պետությունները կապված են այդպիսի պայմանագրով, ապա պետք է կիրառվեն այդ պայմանագրի համապատասխան դրույթները, եթե միայն Մասնակից պետությունները չեն համաձայնում դրանց փոխարեն կիրառել սույն հոդվածի 9-29-րդ կետերը։ Մասնակից պետություններին վճռականորեն կոչ է արվում կիրառել այդ կետերը, եթե դրանք դյուրացնում են համագործակցությունը։

8. Մասնակից պետությունները չպետք է մերժեն սույն հոդվածի համաձայն փոխադարձ իրավական օգնության տրամադրումը` հիմնվելով բանկային գաղտնիքի վրա։

9. ա) Հայցվող Մասնակից պետությունը, պատասխանելով սույն հոդվածի համաձայն օգնություն ցույց տալու մասին խնդրանքին` երկուստեք համապատասխան արարքը հանցագործություն ճանաչելու բացակայության պայմաններում, պետք է հաշվի առնի սույն Կոնվենցիայի նպատակները, ինչպես նշված է 1-ին հոդվածում.

բ) Մասնակից պետությունները կարող են մերժել սույն հոդվածի համաձայն օգնություն տրամադրելը երկուստեք համապատասխան արարքը հանցագործություն ճանաչելու բացակայության հիմքով: Այնուամենայնիվ, հայցվող Մասնակից պետությունը պետք է, երբ դա համապատասխանում է իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին, օգնություն տրամադրի, որը չի ուղեկցվում հարկադրանքի միջոցներով։ Այդպիսի օգնությունը կարող է մերժվել, երբ խնդրանքները ընդգրկում են de minimis բնույթի հարցեր կամ այնպիսի հարցեր, որոնց կապակցությամբ հայցվող համագործակցությունը կամ օգնությունը կարող են ապահովվել սույն Կոնվենցիայի այլ դրույթների համաձայն.

գ) յուրաքանչյուր Մասնակից պետություն կարող է քննարկել այնպիսի միջոցներ ընդունելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ նա ի վիճակի լինի սույն հոդվածի համաձայն օգնություն ցույց տալ ավելի լայն ծավալով` համապատասխան արարքը երկուստեք հանցագործություն ճանաչելու բացակայության պարագայում:

10. Անձը, որը կալանքի տակ է գտնվում կամ պատիժ է կրում Մասնակից պետություններից որևէ մեկի տարածքում, և որի ներկայությունը մյուս Մասնակից պետությունում պահանջվում է ինքնությունը պարզելու, ցուցմունքներ տալու կամ քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության համար ապացույցներ ստանալու համար այն իրավախախտումների կապակցությամբ, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով, կարող է փոխանցվել հետևյալ պայմանների պահպանումով.

ա) տվյալ անձը ազատորեն տալիս է իր գիտակցված համաձայնությունը.

բ) երկու Մասնակից պետությունների իրավասու մարմինները համաձայնություն են ձեռք բերել այնպիսի պայմաններով, որոնք այդ Մասնակից պետությունները կարող են անհրաժեշտ համարել։

11. Սույն հոդվածի 10-րդ կետի նպատակների համար՝

ա) այն Մասնակից պետությունը, որին փոխանցվում է անձը, պետք է իրավասություն և պարտավորություն ունենա կալանքի տակ պահել անձին, եթե միայն անձին փոխանցած Մասնակից պետությունը այլ բան չի խնդրել կամ այլ բան չի թույլատրել.

բ) Մասնակից պետությունը, որին անձը փոխանցվում է, պետք է անհապաղ կատարի այդ անձին այն Մասնակից պետության տրամադրության տակ վերադարձնելու պարտավորությունը, որը փոխանցել է այդ անձին, ինչպես դա համաձայնեցված է եղել վաղօրոք, կամ ինչպես դա այլ կերպ համաձայնեցված է եղել երկու Մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից.

գ) Մասնակից պետությունը, որին փոխանցվում է անձը, չի կարող պահանջել Մասնակից պետությունից, որը փոխանցել է այդ անձին, հարուցել հանձնման ընթացակարգ նրան վերադարձնելու համար.

դ) փոխանցվող անձին Մասնակից պետությունում պատիժը կրելու ժամկետի մեջ պետք է հաշվակցվի այն ժամկետը, որը նա կրել է իրեն փոխանցած Պետությունում։

12. Առանց Մասնակից պետության համաձայնության, որը սույն հոդվածի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան պետք է փոխանցի որևէ անձի, այդ անձը, անկախ իր քաղաքացիությունից, չի ենթարկվում քրեական հետապնդման, կալանավորման, պատժի կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այն պետության տարածքում, որին փոխանցվում է, այն գործողության, անգործության կամ դատապարտման կապակցությամբ, որն առնչվում է այն պետության տարածքից նրա մեկնելուց առաջ ժամանակաշրջանին, որն այդ անձին փոխանցել է։

13. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նշանակի կենտրոնական մարմին, որը պատասխանատվություն և իրավունք կունենա փոխադարձ օգնության խնդրանքների վերաբերյալ և պետք է կամ իրականացնի դրանք, կամ դրանք իրականացման փոխանցի իրավասու մարմիններին: Երբ Մասնակից պետությունում կա հատուկ տարածաշրջան կամ տարածք` փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու առանձին համակարգով, ապա նա կարող է նշանակել հատուկ կենտրոնական մարմին, որը պետք է կատարի այդ նույն գործառույթը այդ տարածաշրջանի կամ տարածքի նկատմամբ: Կենտրոնական մարմինները պետք է ապահովեն ստացված խնդրանքների օպերատիվ և պատշաճ կատարումը կամ վերահասցեագրումը:

Երբ կենտրոնական մարմինը կատարման համար խնդրանքը վերահասցեագրում է իրավասու մարմին, ապա նա պետք է խրախուսի իրավասու մարմնի կողմից այդ խնդրանքի արագ և պատշաճ կատարումը:

Յուրաքանչյուր Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի վավերագիրը կամ ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցվի այդ նպատակով նշանակված կենտրոնական մարմնի մասին:

Փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքները, դրան վերաբերող ցանկացած հաղորդումը վերահասցեագրվում են Մասնակից պետությունների կողմից նշանակված կենտրոնական մարմիններին: Այդ պահանջը չպետք է վնասի Մասնակից պետության իրավունքը` պահանջել, որ այդպիսի խնդրանքները և հաղորդումները իրեն ուղարկվեն դիվանագիտական ուղիներով և, արտակարգ իրավիճակների դեպքում, երբ Մասնակից պետությունները պայմանավորվել են այդ մասին, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության միջոցով, եթե դա հնարավոր է:

14. Խնդրանքներն ուղարկվում են գրավոր կամ, եթե հնարավոր է, ցանկացած միջոցի օգնությամբ, որը հնարավորություն է տալիս հայցվող Մասնակից պետության համար ընդունելի լեզվով կազմել գրավոր նշումներ այնպիսի պայմաններով, որոնք այդ Մասնակից պետությանը հնարավորություն են տալիս պարզելու վավերականությունը:

Սույն Կոնվենցիայի վավերագիրը կամ ընդունելու կամ հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը պետք է ծանուցվի այն լեզվի կամ լեզուների մասին, որոնք ընդունելի են յուրաքանչյուր Մասնակից պետության համար: Շտապ իրավիճակներում և Մասնակից պետությունների համաձայնելու դեպքում խնդրանքները կարող են ուղարկվել բանավոր, սակայն դրանք անհապաղ պետք է հաստատվեն գրավոր:

15. Փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը պետք է ընդգրկի.

ա) խնդրանքով դիմող մարմնի անվանումը.

բ) հարցի էությունը կամ քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության բնույթը, որոնց առնչվում է խնդրանքը, ինչպես նաև այդ քննությունը, քրեական հետապնդումը կամ դատաքննությունն իրականացնող մարմնի անվանումը և գործառույթները.

գ) համապատասխան փաստերի համառոտ շարադրանքը` բացառությամբ դատական փաստաթղթերի հանձնմանը վերաբերող խնդրանքների.

դ) հայցվող օգնության նկարագրությունը և մանրակրկիտ տեղեկատվություն ցանկացած որոշակի ընթացակարգի մասին, որի պահպանումը հայցող Մասնակից պետությունը կցանկանար, որ պահպանվեր.

ե) ըստ հնարավորության` ցանկացած շահագրգիռ անձի ինքնության, գտնվելու վայրի և քաղաքացիության վերաբերյալ տվյալները, և

զ) այն նպատակը, որի համար հայցվում են ապացույցները, տեղեկատվությունը կամ գործողությունը:

16. Հայցվող Մասնակից պետությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն, երբ այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է համարվում իր ներքին օրենսդրությանը համապատասխան խնդրանքը կատարելու համար, կամ եթե այդ տեղեկատվությունը կարող է դյուրացնել այդպիսի խնդրանքի կատարումը:

17. Խնդրանքը պետք է կատարվի հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն և այն չափով, որը չի հակասում հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությանը և, երբ հնարավոր է, խնդրանքում նշված ընթացակարգերին համապատասխան:

18. Երբ հնարավոր է և համապատասխանում է ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին, երբ որևէ անձ գտնվում է Մասնակից պետության տարածքում և պետք է լսվի որպես վկա կամ փորձագետ մյուս Մասնակից պետության դատական մարմինների կողմից, ապա առաջին Մասնակից պետությունը, մյուս Մասնակից պետության խնդրանքով, կարող է թույլատրել լսումն անցկացնել տեսակապի օգնությամբ, եթե համապատասխան անձի համար հնարավոր կամ ցանկալի չէ լինել հայցող Մասնակից պետության տարածքում: Մասնակից պետությունները կարող են պայմանավորվել այն մասին, որ հայցող Մասնակից պետության դատական մարմնի կողմից լսումը պետք է անցկացվի հայցվող Մասնակից պետության դատական մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ:

19. Հայցող Մասնակից պետությունը առանց հայցվող Պետության վաղօրոք համաձայնության չպետք է փոխանցի կամ օգտագործի հայցվող Մասնակից պետության կողմից տրամադրված տեղեկատվությունը կամ ապացույցները քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելու համար. պետք է օգտագործի այն նպատակով, որը նախատեսված է խնդրանքում: Ոչինչ սույն կետում չպետք է խանգարի հայցող Մասնակից պետությանը իր մոտ անցկացվող վարույթի ընթացքում բացահայտել այն տեղեկատվությունը կամ ապացույցները, որոնք արդարացնում են մեղադրյալին: Այդ դեպքում, նախքան տեղեկատվությունը կամ ապացույցները բացահայտելը, հայցող Մասնակից պետությունը պետք է ծանուցի հայցվող Մասնակից պետությանը և, եթե այդ մասին խնդրանք է ստացվել, հայցվող Մասնակից պետության հետ խորհրդատվություններ անցկացնի: Եթե բացառիկ դեպքերում հնարավոր չէ վաղօրոք ծանուցել, ապա հայցող Մասնակից պետությունն այդպիսի բացահայտման մասին պետք է անհապաղ հայտնի հայցվող Մասնակից պետությանը:

20. Հայցող Մասնակից պետությունը կարող է պահանջել, որ հայցվող Մասնակից պետությունը պահպանի խնդրանքի փաստի և բովանդակության գաղտնիությունը` բացառությամբ այն չափի, որն անհրաժեշտ է բուն խնդրանքի կատարման համար: Եթե հայցվող Մասնակից պետությունը չի կարող կատարել գաղտնիության վերաբերյալ պահանջը, ապա նա այդ մասին պետք է անհապաղ տեղեկացնի հայցող Մասնակից պետությանը:

21. Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը կարող է մերժվել.

ա) եթե խնդրանքը չի ներկայացվել սույն հոդվածի դրույթների համաձայն.

բ) եթե հայցվող Մասնակից պետությունը գտնում է, որ խնդրանքի կատարումը կարող է վնասել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ կենսականորեն կարևոր այլ շահերին.

գ) եթե հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությունը նրա մարմիններին արգելում է հայցվող միջոցներն իրականացնել համանման ցանկացած իրավախախտման առնչությամբ, եթե այդպիսի իրավախախտումը նրա իրավազորության շրջանակներում ենթակա է քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության.

դ) եթե խնդրանքի կատարումը հակասում է փոխադարձ իրավական օգնության հարցերին առնչվող` հայցվող Մասնակից պետության իրավական համակարգին:

22. Մասնակից պետությունները չեն կարող մերժել փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը միայն այն հիմքով, որ իրավախախտումն ընդգրկում է նաև հարկային հարցեր։

23. Փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու ամեն մի մերժման համար պետք է ներկայացվեն պատճառաբանություններ:

24. Հայցվող Մասնակից պետությունը պետք է, որքան հնարավոր է, շուտ կատարի փոխադարձ իրավական օգնության մասին խնդրանքը և պետք է հնարավորինս մեծ չափով հաշվի առնի Մասնակից պետության կողմից առաջարկված բոլոր առավելագույն ժամկետները, որոնք բուն խնդրանքում պատճառաբանված են նախընտրելիորեն:

Հայցող Մասնակից պետությունը կարող է դիմել խելամիտ հարցումներով իրականացվող միջոցների կարգավիճակի և ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին, որոնք հայցվող Մասնակից պետության կողմից կիրառվում են իր խնդրանքը բավարարելու համար: Հայցվող Մասնակից պետությունը պետք է պատասխանի խնդրանքի կարգավիճակի և կատարման ընթացքի վերաբերյալ հայցող Մասնակից պետության խելամիտ հարցումներին: Հայցող Մասնակից պետությունը հայցվող Մասնակից պետությանը պետք է օպերատիվորեն հայտնի այն մասին, որ հայցվող օգնության անհրաժեշտություն այլևս չկա:

25. Փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը հայցվող Մասնակից պետության կողմից կարող է հետաձգվել այն հիմքով, որ դա խոչընդոտում է քննության, քրեական հետապնդման կամ դատաքննության իրականացմանը:

26. Նախքան, սույն հոդվածի 21-րդ կետի համաձայն, խնդրանքի կատարումը մերժելը կամ, սույն հոդվածի 25-րդ կետի համաձայն, դրա կատարումը հետաձգելը, հայցվող Մասնակից պետությունը պետք է խորհրդակցություններ անցկացնի հայցող Մասնակից պետության հետ, որպեսզի որոշի` կարող է արդյոք օգնությունը տրամադրվել այնպիսի ժամկետներում և այնպիսի պայմաններով, որոնք հայցվող Մասնակից պետությունը անհրաժեշտ է համարում: Եթե հայցող Մասնակից պետությունը օգնությունն ընդունում է այդպիսի պայմաններով, ապա նա պետք է պահպանի տվյալ պայմանները:

27. Չխախտելով սույն հոդվածի 12-րդ կետի կիրառումը` վկան, փորձագետը կամ որևէ այլ անձ, որը, հայցող Մասնակից պետության խնդրանքով, համաձայնում է ցուցմունքներ տալ կամ օգնություն ցույց տալ հայցող Մասնակից պետության տարածքում քննություն, քրեական հետապնդում կամ դատաքննություն իրականացնելիս, այդ տարածքում չպետք է ենթարկվեն քրեական հետապնդման, կալանավորման, պատժի կամ անձնական ազատության որևէ այլ սահմանափակման այն գործողության, անգործության կամ դատապարտման կապակցությամբ, որոնք առնչվում են հայցվող Մասնակից պետության տարածքից նրանց մեկնելուց առաջ ժամանակաշրջանին: Անձնական անվտանգության այդպիսի երաշխիքի գործողությունը պետք է դադարեցվի, եթե վկան, փորձագետը կամ այլ անձը տասնհինգ հաջորդող օրերի ընթացքում կամ Մասնակից պետությունների միջև համաձայնեցված ցանկացած ժամկետի ընթացքում, սկսած այն տարվա ամիս-ամսաթվից, երբ այդպիսի անձինք պաշտոնապես ծանուցվել են այն մասին, որ իրենց ներկայությունը դատական մարմնի կողմից այլևս չի պահանջվում, հնարավորություն են ունեցել թողնելու հայցող Մասնակից պետության տարածքը, սակայն, այնուամենայնիվ, կամավոր մնացել են նրա տարածքում կամ, թողնելով այն, սեփական կամքով հետ են վերադարձել:

28. Խնդրանքի կատարման հետ կապված սովորական ծախսերը պետք է հոգա հայցվող Մասնակից պետությունը, եթե շահագրգիռ Մասնակից պետություններն այլ կերպ չեն պայմանավորվել: Եթե խնդրանքի կատարման համար պահանջվում են կամ կպահանջվեն էական կամ արտակարգ ծախսեր, ապա Մասնակից պետությունները պետք է խորհրդակցեն` որոշելու համար այն պայմանները, ինչպես նաև ծախսերը հոգալու կարգը, որոնցով պետք է կատարվի խնդրանքը:

29. Հայցվող Մասնակից պետությունը.

ա) հայցող Մասնակից պետությանը պետք է տրամադրի իր տրամադրության տակ գտնվող կառավարական նյութերի, փաստաթղթերի կամ տեղեկատվության պատճենները, որոնք, իր ներքին օրենսդրության համաձայն, բաց են հանրության համար.

բ) իր հայեցողությամբ կարող է ամբողջությամբ, մասնակիորեն կամ այն պայմանների պահպանումով, որոնք ինքն անհրաժեշտ է համարում, հայցող Մասնակից պետությանը տրամադրել իր տրամադրության տակ գտնվող կառավարական ցանկացած նյութի, փաստաթղթի կամ տեղեկատվության պատճենը, որոնք, իր ներքին օրենսդրության համաձայն, փակ են հանրության համար:

30. Մասնակից պետությունները, ըստ անհրաժեշտության, պետք է քննարկեն երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը, որոնք կարող են ծառայել սույն հոդվածի նպատակներին, ապահովել նրա գործնական կիրառումը կամ ամրապնդել նրա դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։