Հոդված 23. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացումը
Հոդված 23. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացումը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձեռնարկի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտումներ ճանաչվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.
ա) i) գույքի փոխարկումը կամ փոխանցումը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ` այդպիսի գույքի հանցավոր աղբյուրը քողարկելու կամ թաքցնելու նպատակով կամ հիմնական իրավախախտման մեջ ներգրավված որևէ անձի օգնություն ցույց տալու նպատակով, որպեսզի նա կարողանա խուսափել իր արարքների համար պատասխանատվությունից.
ii) գույքի իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, տիրապետման եղանակը, տեղափոխելը, գույքի նկատմամբ իրավունքները կամ նրա պատկանելությունը քողարկելը կամ թաքցնելը` գիտակցմամբ, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.
բ) իր իրավական հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով՝
i) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը` դրա ստացման պահին գիտակցելով, որ այդպիսի գույքն իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.
ii) իրավախախտումներից որևէ մեկը կատարելու նպատակով մասնակցելը, առնչությունը կամ հանցակցության մեջ մտնելը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածին համապատասխան, դրա կատարման փորձը, ինչպես նաև օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ դրա կատարման ժամանակ խորհուրդներ տալը։
2. Սույն հոդվածի 1-ին կետի իրականացման կամ կիրառման նպատակներով`
ա) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի սույն հոդվածի 1-ին կետը կիրառել հիմնական իրավախախտումների ամենալայն շրջանակի նկատմամբ.
բ) յուրաքանչյուր Մասնակից պետություն հիմնական իրավախախտումների շարքում որպես նվազագույնը պետք է ընդգրկի այն քրեական իրավախախտումների համապարփակ շրջանակը, որոնք այդպիսին են ճանաչված սույն Կոնվենցիայի համաձայն.
գ) վերը նշված «բ» ենթակետի նպատակներով հիմնական իրավախախտումները պետք է ներառեն այն իրավախախտումները, որոնք կատարվել են ինչպես շահագրգիռ Մասնակից պետության իրավասության շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս։ Այնուամենայնիվ, որևէ Մասնակից պետության իրավասությունից դուրս կատարված իրավախախտումներն իրենցից հիմնական իրավախախտումներ են ներկայացնում միայն այն պայմանով, որ համապատասխան արարքը քրեական իրավախախտում է համարվում այն պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ դա կատարվել է, և քրեական իրավախախտում կճանաչվեր այն Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, որտեղ իրականացվում կամ կիրառվում է սույն հոդվածը, եթե այն կատարված լիներ այնտեղ.
դ) յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին տրամադրի իր այն օրենքների տեքստերը, որոնք ապահովում են սույն հոդվածի դրույթների իրականացումը, ինչպես նաև այդպիսի օրենքների հետագա ցանկացած փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունները.
ե) եթե պահանջվում է Մասնակից պետության ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներով, ապա կարելի է նախատեսել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված իրավախախտումները չեն կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք կատարել են հիմնական իրավախախտումը: