Հոդված 7. Հանրային հատվածը
Հոդված 7. Հանրային հատվածը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, համապատասխան դեպքերում և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձգտի ստեղծել, պահպանել և ամրապնդել քաղաքացիական ծառայողների և, համապատասխան դեպքերում, ոչ ընտրովի այլ պաշտոնատար անձանց աշխատանքի ընդունման, հավաքագրման, ծառայություն անցկացնելու, ծառայողական առաջխաղացման և պաշտոնաթողության անցնելու այնպիսի համակարգեր, որոնք.
ա) հիմնվում են արդյունավետության և թափանցիկության սկզբունքների և օբյեկտիվ այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են արժանիքները, արդարությունը և ընդունակությունները.
բ) ընդգրկում են կադրերի ընտրության և նախապատրաստման պատշաճ ընթացակարգեր պետական այնպիսի պաշտոններ զբաղեցնելու համար, որոնք կոռուպցիայի տեսանկյունից հատկապես խոցելի են համարվում և, համապատասխան դեպքերում, այդպիսի պաշտոններում նման կադրերի ռոտացիայի համար.
գ) նպաստում են պատշաճ վարձատրությանը և աշխատավարձի արդարացի սանդղակին` հաշվի առնելով Մասնակից պետության տնտեսական զարգացման մակարդակը.
դ) նպաստում են կրթական և ուսումնական ծրագրերի իրականացմանը այն բանի համար, որ այդպիսի անձինք կարողանան բավարարել պետական գործառույթների ճիշտ, բարեխիղճ և պատշաճ կատարման պահանջները, ինչպես նաև նրանց ապահովում են մասնագիտացված և պատշաճ պատրաստվածությամբ նրա համար, որ խորացնեն նրանց կողմից այն ռիսկերի գիտակցումը, որոնք կապված են կոռուպցիայի հետ և կապված են նրանց կողմից իրենց գործառույթների կատարման հետ։ Այդպիսի ծրագրերը կարող են վկայակոչումներ պարունակել կիրառվող բնագավառներում կանոնագրքերի կամ վարքագծի չափանիշներին:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նաև քննարկի համապատասխան օրենսդրական և վարչական միջոցները, սույն Կոնվենցիայի նպատակների և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքների համաձայն, պետական պաշտոններում թեկնածուների և ընտրությունների չափանիշները սահմանելու համար:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է նաև քննարկի համապատասխան օրենսդրական և վարչական միջոցները, սույն Կոնվենցիայի նպատակների և իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքների համաձայն, ընտրովի պետական պաշտոններում թեկնածուների ֆինանսավորման և, որտեղ կիրառելի է, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկությունը մեծացնելու համար։
4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է ձգտի ստեղծել, պահպանել և ամրապնդել այնպիսի համակարգեր, որոնք նպաստում են թափանցիկությանը և կանխարգելում են շահերի բախման առաջացումը։