Անցնել բովանդակությանը

Հոդված 44. Հանձնումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 44. Հանձնումը

1. Սույն հոդվածը պետք է կիրառվի այն իրավախախտումների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, երբ անձը, որի վերաբերյալ հայցվում է հանձնումը, գտնվում է հայցվող Մասնակից պետության տարածքում` պայմանով, որ իրավախախտումը, որի կապակցությամբ հայցվում է հանձնումը, պատժելի է համարվում ինչպես հայցող Մասնակից պետության, այնպես էլ հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն։

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին` Մասնակից պետությունը, որի օրենսդրությունը թույլ է տալիս, կարող է թույլատրել որևէ անձի հանձնումը սույն Կոնվենցիայով ընդգրկվող այն իրավախախտումներից որևէ մեկի կապակցությամբ, որոնք, իր սեփական ներքին օրենսդրության համաձայն, պատժելի չեն համարվում:

3. Եթե հանձնման մասին խնդրանքը վերաբերում է մի քանի առանձին իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը, սույն հոդվածի համաձայն, կարող է հանձնում առաջացնել, իսկ մյուսները չեն կարող հանձնում առաջացնել դրանց համար պատժի ժամկետի պատճառով, սակայն առնչվում են այն իրավախախտումներին, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համաձայն, ապա հայցվող Մասնակից պետությունը սույն հոդվածը կարող է կիրառել նաև այդպիսի իրավախախտումների նկատմամբ։

4. Իրավախախտումներից յուրաքանչյուրը, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, համարվում է Մասնակից պետությունների միջև գոյություն ունեցող` հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ ընդգրկված իրավախախտում, որը կարող է հանձնում առաջացնել: Մասնակից պետությունները պարտավորվում են այդպիսի իրավախախտումներն ընդգրկել որպես իրավախախտումներ, որոնք կարող են հանձնում առաջացնել` հանձնման մասին ցանկացած պայմանագրի մեջ, որը կկնքվի նրանց միջև: Այն Մասնակից պետությունը, որի օրենսդրությունը դա թույլ է տալիս, այն դեպքում, երբ սույն Կոնվենցիան օգտագործում է որպես հանձնման համար հիմք, իրավախախտումներից որևէ մեկը, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, չպետք է համարի քաղաքական իրավախախտում:

5. Եթե Մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, հանձնման մասին խնդրանք է ստանում այլ Մասնակից պետությունից, որի հետ հանձնման մասին պայմանագիր չունի, ապա կարող է սույն Կոնվենցիան դիտարկել որպես իրավական հիմք ցանկացած իրավախախտման կապակցությամբ հանձնման համար, որի նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան։

6. Մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ.

ա) իր վավերագիրը կամ սույն Կոնվենցիան ընդունելու կամ հաստատելու կամ դրան միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հայտնում է այն մասին, թե արդյոք ինքը օգտագործելո՞ւ է սույն Կոնվենցիան որպես իրավական հիմք հանձնման հարցերում մյուս Մասնակից պետությունների հետ համագործակցության համար, և

բ) եթե նա սույն Կոնվենցիան չի օգտագործում որպես իրավական հիմք հանձնման հարցերում համագործակցության համար, ապա, համապատասխան դեպքերում, ձգտում է հանձնման մասին պայմանագրեր կնքել մյուս Մասնակից պետությունների հետ՝ սույն հոդվածը կիրառելու նպատակներով։

7. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, միմյանց միջև հարաբերություններում այն իրավախախտումները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, ճանաչում են որպես այնպիսի իրավախախտումներ, որոնք կարող են հանձնում առաջացնել:

8. Հանձնումը պետք է ենթակա լինի հայցվող Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ նախատեսված կամ հանձնման մասին կիրառելի պայմանագրերի պայմաններին, ներառյալ, inter alia, հանձնման առնչությամբ նվազագույն պատժի վերաբերյալ պահանջների հետ կապված պայմանները և այն հիմքերը, որոնցով հայցվող Մասնակից պետությունը կարող է մերժել հանձնումը:

9. Ցանկացած իրավախախտման վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, Մասնակից պետությունը, իր ներքին օրենսդրությունը պահպանելու պայմանով, պետք է ջանքեր գործադրի, որ արագացնի հանձնման ընթացակարգերը և պարզեցնի դրա հետ կապված ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ պահանջները:

10. Իր ներքին օրենսդրության և հանձնման մասին իր պայմանագրերի դրույթները պահպանելու պայմանով` հայցվող Մասնակից պետությունը, համոզվելով, որ հանգամանքներն այդպես են պահանջում և անհետաձգելի բնույթ են կրում, և հայցող Մասնակից պետության խնդրանքով կարող է կալանավորել իր տարածքում գտնվող անձին, որի հանձնումը հայցվում է, կամ ձեռնարկել համապատասխան այլ միջոցներ` հանձնման ընթացակարգի ժամանակ նրա ներկայությունն ապահովելու համար։

11. Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է իրավախախտում կատարելու մեջ կասկածվող անձը, եթե չի հանձնում այդ անձին իրավախախտման կապակցությամբ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը միայն այն հիմքով, որ նա հանդիսանում է իր քաղաքացիներից մեկը, ապա հանձնումը, հայցող Մասնակից պետության խնդրանքով, պետք է գործն առանց չարդարացված ձգձգումների փոխանցի իր իրավասու մարմիններին` հետապնդման նպատակի համար: Այդ մարմինները պետք է կայացնեն իրենց որոշումը և իրականացնեն վարույթը նույն կարգով, ինչպես, այդ Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն, վտանգավոր բնույթի որևէ այլ իրավախախտման դեպքում: Շահագրգիռ Մասնակից պետությունները պետք է համագործակցեն միմյանց հետ, մասնավորապես` դատավարական հարցերով և ապացուցման հարցերով, այդպիսի հետապնդման արդյունավետությունն ապահովելու համար։

12. Բոլոր դեպքերում, երբ Մասնակից պետությանը, նրա ներքին օրենսդրության համաձայն, թույլատրվում է իր քաղաքացիներից որևէ մեկին հանձնել կամ որևէ այլ եղանակով փոխանցել միայն այն պայմանով, որ այդ անձը պետք է այդ Մասնակից պետություն վերադարձվի պատիժը կրելու համար, որը նշանակվել է այն դատաքննության կամ վարույթի արդյունքում, որի կապակցությամբ հայցվել է այդ անձի հանձնումը կամ փոխանցումը, և այդ Մասնակից պետությունը կամ այդ անձի հանձնումը հայցած Մասնակից պետությունը համաձայնել են այդպիսի կարգին և այլ պայմաններին, որոնք նրանք կարող են անհրաժեշտ համարել, ապա այդպիսի պայմանական հանձնումը կամ փոխանցումը բավարար է համարվում սույն հոդվածի 11-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելու համար:

13. Եթե հանձնումը, որը հայցվում է դատավճիռն ի կատար ածելու նպատակով, մերժվում է, որովհետև հետախուզվող անձը հանդիսանում է հայցվող Մասնակից պետության քաղաքացի, ապա հայցվող Մասնակից պետությունը, եթե նրա ներքին օրենսդրությունը դա թույլ է տալիս, և եթե դա համապատասխանում է այդպիսի օրենսդրությանը, հայցող Մասնակից պետության դիմումով պետք է քննարկի հայցող Մասնակից պետության ներքին օրենսդրության համաձայն կայացված դատավճիռը կամ դատավճռի մնացած մասը ի կատար ածելու մասին հարցը։

14. Ցանկացած անձի, որի գործով վարույթ է իրականացվում որևէ իրավախախտման կապակցությամբ, որի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածը, երաշխավորվում է վարույթի բոլոր փուլերում արդարացի վերաբերմունք` ներառյալ այն Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքների և երաշխիքների իրականացումը, որի տարածքում գտնվում է այդ անձը։

15. Սույն Կոնվենցիայում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես հանձնման պարտականության սահմանում, եթե հայցվող Մասնակից պետությունն էական հիմքեր ունի հավատալու, որ հանձնման մասին խնդրանքը նպատակ ունի որևէ անձի հետապնդելու և նրան պատժելու սեռի, ռասայի, հավատի, քաղաքացիության, էթնիկական ծագման կամ քաղաքական կարծիքների պատճառով, կամ որ այդ խնդրանքի բավարարումը վնաս կպատճառի այդ անձի դրությանը այդ պատճառներից որևէ մեկով:

16. Մասնակից պետությունները չեն կարող հանձնման մասին խնդրանքի կատարումը մերժել միայն այն հիմքով, որ իրավախախտումը համարվում է որպես հարկային հարցեր ընդգրկող։

17. Նախքան հանձնումը մերժելը հայցվող Մասնակից պետությունը համապատասխան դեպքերում պետք է խորհրդակցություններ անցկացնի հայցող Մասնակից պետության հետ այն բանի համար, որ նրան բավարար հնարավորություններ ընձեռի նրա կարծիքները շարադրելու և նրա խնդրանքում շարադրված փաստերին առնչություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնելու համար։

18. Մասնակից պետությունները պետք է ձգտեն կնքել երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ՝ հանձնում իրականացնելու կամ դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։