Անցնել բովանդակությանը

Հոդված 12. Մասնավոր հատված

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. Մասնավոր հատված

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին համապատասխան, պետք է միջոցներ ձեռնարկի մասնավոր հատվածում կոռուպցիայի կանխարգելման, մասնավոր հատվածում հաշվապահական հաշվառման ստանդարտների և աուդիտի ուժեղացման և, համապատասխան դեպքերում, այդպիսի միջոցների չպահպանման համար արդյունավետ, համաչափ և զսպող ներգործություն ունեցող քաղաքացիաիրավական, վարչական կամ քրեական պատժամիջոցների սահմանման ուղղությամբ։

2. Այդ նպատակներին հասնելուն ուղղված միջոցները կարող են, inter alia, ներառել հետևյալը.

ա) իրավապահ մարմինների և համապատասխան մասնավոր կազմակերպությունների միջև համագործակցության խրախուսումը.

բ) համապատասխան մասնավոր կազմակերպությունների աշխատանքում բարեխղճության ապահովման համար նախատեսված ստանդարտների և ընթացակարգերի մշակման խրախուսումը, ներառյալ ձեռնարկատերերի և բոլոր համապատասխան մասնագիտությունների ներկայացուցիչների կողմից գործունեության բարեխիղճ և պատշաճ իրականացման համար վարքագծի կանոնագրքերը և շահերի բախումների առաջացման կանխարգելումը, ինչպես նաև առևտրային ձեռնարկությունների միջև և նրանց ու պետության միջև պայմանագրային հարաբերություններում բարեխիղճ առևտրային պրակտիկայի օգտագործման խրախուսման համար.

գ) մասնավոր կազմակերպությունների գործունեության թափանցիկության խրախուսումը, ներառյալ, համապատասխան դեպքերում, այն իրավաբանական և ֆիզիկական անձանց նույնականացման միջոցները, որոնք մասնակից են կորպորատիվ կազմակերպությունների ստեղծմանը և դրանց ղեկավարմանը.

դ) մասնավոր կազմակերպությունների գործունեությունը կարգավորող ընթացակարգերի չարաշահումների կանխարգելումը, ներառյալ այն ընթացակարգերը, որոնք վերաբերում են առևտրային գործունեություն իրականացնելու համար պետական մարմինների կողմից տրամադրվող օժանդակություններին և լիցենզիաներին.

ե) շահերի բախումների առաջացման կանխարգելումը` համապատասխան դեպքերում և խելամիտ ժամկետով նախկին պաշտոնատար անձանց մասնագիտական գործունեության նկատմամբ կամ մասնավոր հատվածում պաշտոնատար անձանց աշխատանքի նկատմամբ սահմանափակումներ դնելու միջոցով՝ նրանց պաշտոնաթող լինելուց կամ կենսաթոշակի անցնելուց հետո, երբ այդպիսի գործունեությունը կամ աշխատանքը ուղղակիորեն կապված է այնպիսի գործառույթների հետ, որոնք այդպիսի պաշտոնատար անձինք կատարել են իրենց պաշտոնում գտնվելու ժամանակաշրջանում, կամ որոնք վերահսկվել են նրանց կողմից.

զ) ապահովումը, որ մասնավոր կազմակերպությունները, իրենց կառուցվածքը և մեծությունը հաշվի առնելով, ունենան ներքին աուդիտորական վերահսկողության բավարար մեխանիզմներ՝ կոռուպցիոն դեպքերի կանխարգելման և բացահայտման գործում օգնություն ցույց տալու համար, և որպեսզի այդպիսի մասնավոր կազմակերպությունների հաշիվները և պահանջվող ֆինանսական տեղեկագրերը ենթակա լինեն աուդիտի և հավաստագրման ընթացակարգերի:

3. Կոռուպցիայի կանխարգելման նպատակներով յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք, իր ներքին օրենսդրությանը և հաշվապահական հաշվառման վարման, ֆինանսական հաշվետվության ներկայացման, ինչպես նաև հաշվապահական հաշվառման և աուդիտի ստանդարտները կարգավորող կանոններին համապատասխան, կարող են անհրաժեշտ լինել հետևյալ արարքներն արգելելու համար, որոնք իրականացվում են իրավախախտումներից որևէ մեկը կատարելու համար` համաձայն սույն Կոնվենցիայի.

ա) չգրանցված հաշվետվության ստեղծում.

բ) չհաշվառված կամ ոչ ճիշտ գրանցված գործարքների կատարում.

գ) գոյություն չունեցող ծախսերի հաշվառում.

դ) պարտավորությունների ներառում` առանց դրանց նպատակի ճշգրիտ սահմանման.

ե) կեղծ փաստաթղթերի օգտագործում, և

զ) օրենսդրությամբ նախատեսված ժամկետներից շուտ հաշվապահական փաստաթղթերի միտումնավոր ոչնչացում։

4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է մերժի իրենցից կաշառք ներկայացնող այն ծախսերի առնչությամբ հարկումից ազատումը, որոնք համարվում են սույն Կոնվենցիայի 15-րդ և 16-րդ հոդվածներով այդպիսին ճանաչված իրավախախտումների տարրերից մեկը և, համապատասխան դեպքերում, այլ ծախսերի առնչությամբ, որոնք հետևել են կոռուպցիոն արարքներին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։