Հոդված 31. Սառեցնելը, առգրավումը և բռնագրավումը
Հոդված 31. Սառեցնելը, առգրավումը և բռնագրավումը
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն առավելագույն չափով, որը հնարավոր է իր ներքին իրավական համակարգի շրջանակներում, պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել բռնագրավման հնարավորությունն ապահովելու համար՝
ա) հանցագործություններից ստացված եկամուտների, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան, կամ այն գույքի, որի արժեքը համապատասխանում է այդպիսի եկամուտների արժեքին.
բ) գույքի, սարքավորման և այլ միջոցների, որոնք օգտագործվել են կամ նախատեսվել են իրավախախտումներ կատարելիս օգտագործելու համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն հոդվածի 1-ին կետում թվարկվածներից ամեն մեկի բացահայտման, հետամուտ լինելու, սառեցնելու կամ առգրավելու հնարավորության ապահովման համար՝ հետագա բռնագրավման նպատակով:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իրավասու մարմինների կողմից սառեցված, կալանված կամ բռնագրավված գույքի կառավարումը կարգավորելու համար, որը նշված է սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում:
4. Եթե հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները ամբողջությամբ կամ մասնակիորեն վերածվել կամ փոխակերպվել են այլ գույքի, ապա սույն հոդվածում նշված միջոցները պետք է կիրառվեն այդպիսի գույքի նկատմամբ։
5. Եթե հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները միացվել են օրինական աղբյուրներից ձեռք բերված գույքին, ապա, առանց սառեցմանը և առգրավմանը վերաբերող ցանկացած լիազորությանը վնասելու, բռնագրավման ենթակա է գույքի այն մասը, որը համապատասխանում է միացված եկամուտների գնահատված արժեքին։
6. Շահույթի կամ այլ եկամուտների նկատմամբ, որոնք ստացվել են հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտներից` այն գույքից, որին վերածվել կամ փոխակերպվել են հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները, կամ այն գույքից, որին միացվել են հանցագործություններից ստացված այդպիսի եկամուտները, նույնպես կիրառվում են սույն հոդվածում նշված միջոցները նույն կերպով և նույն աստիճանով, ինչ որ հանցագործություններից ստացված եկամուտների վերաբերյալ։
7. Սույն հոդվածի և սույն Կոնվենցիայի 55-րդ հոդվածի նպատակների համար յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է լիազորի իր դատարաններին կամ այլ իրավասու մարմիններին կարգավորել բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթերի ներկայացման կամ արգելադրման մասին որոշումները։ Մասնակից պետությունը չպետք է խուսափի սույն կետի դրույթներին համապատասխան միջոցներ ձեռնարկելուց՝ վկայակոչելով բանկային գաղտնիքի պաշտպանության անհրաժեշտությունը:
8. Մասնակից պետությունները կարող են քննարկել այն մասին պահանջներ սահմանելու հնարավորությունը, որ հանցագործություն կատարած անձը, այն չափով, որքանով այդպիսի պահանջը համապատասխանում է իրենց ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքներին և դատական ու այլ քննության բնույթին, ապացուցի հանցագործություններից ստացված այնպիսի ենթադրյալ եկամուտների կամ այլ գույքի օրինական ծագումը, որոնք ենթակա են բռնագրավման:
9. Սույն հոդվածի դրույթները չպետք է մեկնաբանվեն այնպես, որ վնաս պատճառվի բարեխիղճ երրորդ անձանց իրավունքներին։
10. Ոչինչ, ինչ պարունակում է սույն հոդվածը, չպետք է ազդի այն սկզբունքի վրա, ըստ որի այն միջոցները, որոնց մասին դրանում խոսվում է, սահմանվում և իրականացվում են Մասնակից պետության ներքին օրենսդրության դրույթներին համապատասխան և դրանք պահպանելու պայմանով։