Հոդված 122. Ապրանքների բացթողման առանձնահատկությունները մաքսային փորձաքննություն նշանակելու դեպքում
Հոդված 122. Ապրանքների բացթողման առանձնահատկությունները մաքսային փորձաքննություն նշանակելու դեպքում
1. Ապրանքների բացթողումը մինչև ապրանքների բացթողումը նշանակված մաքսային փորձաքննության արդյունքներն ստանալը իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ վճարվել են մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը՝ ապրանքների հայտարարագրում հաշվարկված չափով, և տրամադրվել է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը՝ սույն Օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին և 75-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան սահմանված չափով՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով և 3-րդ կետով նախատեսված դեպքերի և սույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը չի տրամադրվում հետևյալ դեպքերում՝
1) ապրանքների հայտարարատուն լիազորված տնտեսական օպերատորն է.
2) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
3. Եթե մաքսային գործառնությունները հայտարարատուի անունից և նրա հանձնարարականով կատարում է մաքսային ներկայացուցիչը, և այդ մաքսային ներկայացուցիչը սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածին համապատասխան հայտարարատուի հետ միասին կրում է մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու համապարտ պարտավորություն, ապա մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը կարող է չտրամադրվել Հանձնաժողովի կողմից սահմանված պայմանները, իսկ մինչև Հանձնաժողովի կողմից դրանց սահմանումը՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պայմանները պահպանելու դեպքում:
4. Մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է սույն Օրենսգրքի 75-րդ հոդվածին և 9-րդ գլխին համապատասխան:
5. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում, եթե մաքսային մարմինը հայտնաբերում է փաստեր, որոնք վկայում են ապրանքների նկատմամբ այն արգելքների և սահմանափակումների և (կամ) ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հնարավորության մասին, որոնք սահմանվել են ոչ որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր և (կամ) «Միության մասին» պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան սահմանվել են որպես այլ տուրքեր, և եթե հայտարարատուն չի հաստատում դրանց պահպանումը: