Հոդված 42. Ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 3)
Հոդված 42. Ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 3)
1. Այն դեպքում, երբ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել սույն Օրենսգրքի 39-րդ և 41-րդ հոդվածներին համապատասխան, այդպիսի ապրանքների մաքսային արժեք է համարվում այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են Միության մաքսային տարածք արտահանելու նպատակով և ներմուծվել են Միության մաքսային տարածք գնահատվող ապրանքների հետ նույն կամ դրան համապատասխան ժամանակահատվածում, սակայն ոչ ավելի վաղ, քան գնահատվող ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելուց 90 օրացուցային օր առաջ:
Համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեք է համարվում այդ ապրանքների՝ սույն Օրենսգրքի 39-րդ հոդվածին համապատասխան որոշված և մաքսային մարմնի կողմից ընդունված մաքսային արժեքը:
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս օգտագործվում է այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են նույն առևտրային մակարդակում և, ըստ էության, նույն քանակությամբ, ինչ գնահատվող ապրանքները:
Այն դեպքում, երբ այդպիսի վաճառքի դեպք չի հայտնաբերվել, օգտագործվում է այնպիսի համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը, որոնք վաճառվել են այլ առևտրային մակարդակում և (կամ) այլ քանակությամբ՝ համապատասխան ճշգրտմամբ, որով հաշվի են առնվում վաճառքի առևտրային մակարդակում առկա և (կամ) ապրանքների քանակության տարբերությունները:
Նշված ճշգրտումն իրականացվում է այնպիսի տվյալների հիման վրա, որոնք փաստաթղթերով հաստատում են ճշգրտման հիմնավորված և ստույգ լինելը՝ անկախ այն բանից՝ ճշգրտումը հանգեցնում է համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի աճին, թե նվազելուն: Այդպիսի տվյալների բացակայության դեպքում գնահատվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը չի կիրառվում:
2. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը սույն հոդվածին համապատասխան որոշելիս անհրաժեշտության դեպքում կատարվում է համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի ճշգրտում՝ հաշվարկելու համար սույն Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 4-6-րդ ենթակետերում նշված՝ գնահատվող և համանման ապրանքների հետ կապված ծախսերի միջև էական տարբերությունը՝ պայմանավորված դրանց փոխադրման (տրանսպորտային փոխադրման) հեռավորությունների և ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) իրականացնելու համար օգտագործվող տրանսպորտի տեսակների տարբերություններով:
3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան կատարված ճշգրտումները հաշվի առնելով՝ հայտնաբերվել են համանման ապրանքների վերաբերյալ գործարքի մեկից ավելի արժեքներ, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար կիրառվում է դրանցից ամենացածրը: