Հոդված 278. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը և բացթողումը
Հոդված 278. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումը և բացթողումը
1. Միության մաքսային սահմանով տեղափոխվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները ենթակա են մաքսային հայտարարագրման և բացթողման՝
1) ժամանակավոր ներմուծվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք ներմուծելու և միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքից հետ արտահանելու դեպքում.
2) ժամանակավոր արտահանվող միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքից արտահանելու և միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածք հետ ներմուծելու դեպքում:
2. Որպես միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների հայտարարատու հանդես է գալիս փոխադրողը:
Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման հետ կապված մաքսային գործառնությունները փոխադրողի անունից կարող են կատարվել փոխադրողի հանձնարարությամբ գործող այլ անձանց կողմից, եթե դա թույլատրվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
3. Միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումն իրականացվում է տրանսպորտային միջոցի հայտարարագրի օգտագործմամբ:
Տրանսպորտային միջոցի հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները սահմանվում են Հանձնաժողովի կողմից՝ ապրանքների փոխադրումն իրականացնող տրանսպորտի տեսակից, Միության մաքսային սահմանով միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի տեղափոխման ուղղությունից, ինչպես նաև սույն Օրենսգրքի 272-րդ հոդվածի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ապրանքների կատեգորիայից կախված՝ այդպիսի մաքսային հայտարարագիր լրացնելու կարգը սահմանելու ժամանակ:
4. Որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր կարող են օգտագործվել տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների և երրորդ կողմի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը:
Եթե որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր ներկայացված՝ տրանսպորտի ոլորտում անդամ պետությունների և երրորդ կողմի միջև կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերում բացակայում են տրանսպորտային միջոցի հայտարարագրում նշման ենթակա տեղեկությունները, ապա միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրումն իրականացվում է տրանսպորտային միջոցի մասին սահմանված ձևի հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Ընդ որում, ներկայացված՝ փոխադրողի ստանդարտ փաստաթղթերը դիտարկվում են որպես տրանսպորտային միջոցի հայտարարագրի անբաժանելի մաս:
Նշված փաստաթղթերի ցանկը սահմանվում է Հանձնաժողովի կողմից՝ կախված տրանսպորտի այն տեսակից, որով իրականացվում է ապրանքների փոխադրումը, և Միության մաքսային տարածքով միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի տեղափոխման ուղղությունից:
Որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր թույլատրվում է օգտագործել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացված նախնական տեղեկատվությունը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
5. Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով տրանսպորտային միջոցի հայտարարագրի հետ մաքսային մարմին չեն ներկայացվում տրանսպորտային միջոցի հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր:
Թղթային կրիչով տրանսպորտային միջոցի հայտարարագրի հետ մաքսային մարմին չեն ներկայացվում տրանսպորտային միջոցի հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր:
6. Ժամանակավոր ներմուծված միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցները Միության մաքսային տարածքից հետ արտահանելու և այդ տարածք ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող այն տրանսպորտային միջոցները հետ ներմուծելու դեպքում, որոնց մաքսային հայտարարագրումն իրականացվել է գրավոր ձևով, որպես տրանսպորտային միջոցի հայտարարագիր թույլատրվում է օգտագործել տրանսպորտային միջոցի մասին այն հայտարարագիրը, որը ներկայացվել է մաքսային մարմին, համապատասխանաբար՝ ժամանակավոր ներմուծված կամ ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ:
Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այլ դեպքեր, երբ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված և Միության մաքսային տարածքից ժամանակավոր արտահանված միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման համար մաքսային մարմին ներկայացված տրանսպորտային միջոցի հայտարարագիրը կարող է օգտագործվել միջազգային փոխադրում իրականացնող այդ տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ՝ ապրանքների միջազգային փոխադրում իրականացնելու ընթացքում Միության մաքսային տարածքով դրանց բազմակի տեղափոխման դեպքում: