Հոդված 62. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման ընդհանուր պայմանները
Հոդված 62. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովման ընդհանուր պայմանները
1. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է սույն Օրենսգրքի 58-րդ, 120-122-րդ, 143-րդ, 177-րդ և 304-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում, եթե նշված հոդվածներին համապատասխան այլ բան սահմանված չէ:
Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ դեպքեր, երբ ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը:
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ սույն Օրենսգրքին համապատասխան այնպիսի դեպքեր սահմանվելու դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովում չի տրամադրվում, անդամ պետությունների այդպիսի օրենսդրությամբ կարող են սահմանվել կարգը և պայմանները, որոնք պահպանելու դեպքում այդպիսի ապահովում չի տրամադրվում:
3. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովվում է մաքսատուրքեր, հարկեր վճարողի կամ այլ անձի կողմից՝ սույն Օրենսգրքով սահմանված դեպքերում:
«Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների դեպքում վճարողի փոխարեն մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը կարող է ապահովվել առաքողի (էքսպեդիտորի) և (կամ) այլ անձի կողմից, եթե այդ անձն ունի այն ապրանքները տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունք, որոնց համար ապահովվում է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը, եթե սույն Օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
Մաքսային ներկայացուցիչն իրավունք ունի սույն գլխին համապատասխան ապահովելու մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն այն դեպքում, երբ մաքսային ներկայացուցիչը մաքսատուրքերը, հարկերը վճարողի հետ կրում է սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու համապարտ պարտավորություն: Այն դեպքում, երբ մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումն ապահովված է մաքսային ներկայացուցչի կողմից, սույն Օրենսգրքով նախատեսված այնպիսի հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որոնց պարագայում մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման, մաքսատուրքերը, հարկերը վճարելու այդպիսի պարտավորությունը կատարվում է մաքսային ներկայացուցչի և իր կողմից ներկայացվող անձի կողմից՝ համապարտության կարգով՝ անկախ սույն Օրենսգրքի 405-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի դրույթներից:
4. Մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարման ապահովումը տրամադրվում է ապրանքների բացթողումն իրականացնող մաքսային մարմնին՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 146-րդ հոդվածում նշված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու այդպիսի պարտավորության կատարման ընդհանուր ապահովումը կարող է տրամադրվել այլ մաքսային մարմնի: