Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

Հոդված 371. Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի պատճենների և (կամ) տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումների ուղարկման և կատարման կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 371. Մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի պատճենների և (կամ) տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումների ուղարկման և կատարման կարգը

1. Մաքսային մարմիններին վերապահված խնդիրների իրականացման նպատակով մեկ անդամ պետության մաքսային մարմինը մյուս անդամ պետությունների մաքսային մարմինների հարցումների հիման վրա նրանց տրամադրում է իր տրամադրության տակ եղած կամ սույն հոդվածի 7-րդ կետին համապատասխան ստացված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պատճենները:

2. Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների պատճենների տրամադրման վերաբերյալ հարցումն ուղարկելու (այսուհետ սույն հոդվածում` հարցում) հիմքերն են՝

1) տեղեկատվության փոխանակման արդյունքում ստացված՝ ապրանքների, միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների և (կամ) ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց մասին տեղեկատվության վերլուծության ժամանակ տվյալների անհամապատասխանության հայտնաբերումը.

2) մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) այն անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության հնարավոր խախտման մասին վկայող տեղեկատվության առկայությունը, որի մաքսային մարմինն ուղարկում է հարցումը.

3) լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կողմից այդ ռեեստրում ընդգրկվելու՝ սույն Օրենսգրքի 433-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ, 5-րդ, և 6-րդ ենթակետերով նախատեսված պայմանների պահպանման ստուգումը:

3. Հարցումը ձևակերպվում է էլեկտրոնային փաստաթղթի կամ թղթային կրիչով փաստաթղթի տեսքով նամակով, որը ստորագրվում է հարցումն ուղարկող մաքսային մարմնի ղեկավարի (պետի), նրա կողմից լիազորված՝ մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի (պետի տեղակալի) կամ նրանց փոխարինող անձանց կողմից:

4. Հարցումը պետք է պարունակի՝

1) հարցումն ուղարկող մաքսային մարմնի անվանումը և այն մաքսային մարմնի անվանումը, որին ուղարկվում է հարցումը.

2) սույն հոդվածին հղումը.

3) հանգամանքների շարադրումը, որոնց առնչությամբ ուղարկվում է հարցումը՝ նշելով մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերի ու ակտերի և (կամ) անդամ պետության՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրության դրույթները, որոնց պահպանումը ստուգվում է.

4) հարցում ուղարկելու հիմքերը՝ սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան.

5) այն փաստաթղթերի ցանկը, որոնց պատճենները պահանջվում են, և (կամ) պահանջվող տեղեկությունների ցանկը.

6) այլ տեղեկատվություն, որը, հարցումն ուղարկող մաքսային մարմնի կարծիքով, պահանջվում է հարցումը կատարելու համար:

5. Հարցմանը կարող են կցվել այն փաստաթղթերի պատճենները, որոնց հղում է արվում հարցման տեքստում, և այն հանգամանքներին առնչվող այլ փաստաթղթերի պատճենները, որոնց առնչությամբ ուղարկվում է հարցումը:

6. Հարցումը կատարվում է հարցումն ստացած մաքսային մարմնի կողմից այն գրանցելու օրվանից 1 ամսվա ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածի 8-րդ և 9-րդ կետերում նշված դեպքերի:

7. Եթե մաքսային մարմինն իր տրամադրության տակ չունի հարցվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, ապա վերջինս, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, հարցումը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները և (կամ) տեղեկությունները ստանալու հարցմամբ դիմում է անդամ պետության այլ պետական մարմիններին և կազմակերպություններին:

8. Հարցումը կատարելու ժամանակ մաքսային մարմինն իրավունք ունի՝

1) դիմելու հարցումն ուղարկած մաքսային մարմնին՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու հարցմամբ.

2) հարցումը կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները և (կամ) տեղեկությունները անդամ պետության այլ պետական մարմիններից և կազմակերպություններից ստանալու անհրաժեշտության դեպքում 1 ամսով երկարաձգելու սույն հոդվածի 6-րդ կետում նշված՝ հարցման կատարման ժամկետը՝ հարցումն ուղարկած մաքսային մարմնին գրավոր ծանուցելով այդ երկարաձգման պատճառների մասին:

9. Սույն հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հարցումն ուղարկելու դեպքում հարցման կատարման ժամկետը կասեցվում է հարցումն ուղարկելու օրվանից և վերսկսվում հարցմամբ պահանջված լրացուցիչ տեղեկատվությունը ստանալու օրվանից:

10. Մաքսային մարմինը հարցման կատարումը մերժում է հետևյալ դեպքերում՝

1) հարցումը չի համապատասխանում սույն հոդվածի 4-րդ կետում նշված պահանջներին.

2) սույն հոդվածի 8-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան հարցված լրացուցիչ տեղեկատվությունը չի ստացվել այդ հարցումն ուղարկելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

3) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել անդամ պետության ազգային անվտանգությանը, հակասում է այն անդամ պետության օրենսդրությանը, որի մաքսային մարմնին է ուղարկվել հարցումը, կամ երրորդ կողմի հետ այդ անդամ պետության միջազգային պայմանագրերին.

4) հարցումը չի կարող կատարվել հարցումն ստացած մաքսային մարմնից անկախ պատճառներով:

11. Մաքսային մարմինը հարցումն ուղարկած մաքսային մարմնին ծանուցում է հարցման կատարումը մերժելու պատճառների մասին:

12. Սույն հոդվածին համապատասխան հարցումների ուղարկումը և կատարումն իրականացվում են Հանձնաժողովի կողմից սահմանվող մաքսային մարմինների կողմից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։