Հոդված 134. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը
Հոդված 134. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի բովանդակությունը և կիրառումը
1. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ապրանքների առնչությամբ կիրառվող այն մաքսային ընթացակարգն է, որին համապատասխան ապրանքները Միության մաքսային տարածքում գտնվում և օգտագործվում են առանց օտարերկրյա ապրանքների առնչությամբ՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերով և ակտերով նախատեսված՝ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների, եթե այլ բան սահմանված չէ սույն Օրենսգրքով:
2. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները ձեռք են բերում Միության ապրանքների կարգավիճակ՝ բացառությամբ սույն Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ պայմանականորեն բաց թողնված ապրանքների:
3. «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգի կիրառումը թույլատրվում է հետևյալ ապրանքների նկատմամբ՝
1) այն ապրանքների վերամշակման արդյունքներ հանդիսացող ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվել է «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը և որոնք Միության մաքսային տարածքից արտահանվել են «վերաարտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան.
2) ժամանակավորապես արտահանված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների, որոնք, սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությանը համապատասխան, ձևակերպված են «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով՝ սույն Օրենսգրքի 184-րդ հոդվածին համապատասխան՝ «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելու նպատակով.
3) ժամանակավորապես արտահանված՝ միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների՝ սույն Օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում: