Հոդված 103
Հոդված 103
Պետությունների դերը ազատազրկման ձևով պատժի կատարման գործում
1. ա) Ազատազրկման ձևով պատիժը կրում են այն պետությունում, որը Դատարանի կողմից նշանակվում է՝ դատապարտված անձին ընդունելու իրենց պատրաստակամությունը հայտնած պետությունների ցանկից:
բ) Դատապարտված անձին ընդունելու իր պատրաստակամությունը հայտնելիս պետությունը կարող է, Դատարանի համաձայնությամբ և սույն Մասին համապատասխան, ներկայացնել ընդունման իր պայմանները:
գ) Կոնկրետ գործով նշանակված պետությունը Դատարանին անհապաղ տեղեկացնում է նշանակման վերաբերյալ իր համաձայնության մասին:
2. ա) Պատժի կատարման պետությունը Դատարանին ծանուցում է ցանկացած հանգամանքի, ներառյալ՝ 1-ին մասին համապատասխան համաձայնեցված ցանկացած պայմանի մասին, որը կարող է էականորեն ազդել ազատազրկման պայմանների կամ տևողության վրա: Դատարանն առնվազն 45 օրվա ընթացքում ծանուցվում է ցանկացած նման հայտնի կամ կանխատեսելի հանգամանքի մասին: Այդ ընթացքում պատժի կատարման պետությունը չի ձեռնարկում որևէ գործողություն, որը կարող է խախտել 110-րդ հոդվածի համաձայն ստանձնած իր պարտավորությունները:
բ) Եթե Դատարանը չի համաձայնում «ա» կետում նշված հանգամանքներին, ապա այդ մասին ծանուցում է պատժի կատարման պետությանը և գործում է 104-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան:
3. Պետության նշանակման իր լիազորությունն 1-ին մասին համապատասխան իրականացնելիս Դատարանը հաշվի է առնում հետևյալը.
ա) այն սկզբունքը, որի համաձայն մասնակից պետություններն ազատազրկման ձևով պատժի կատարման պատասխանատվությունը կիսում են արդարացի բաշխման սկզբունքին համապատասխան, ինչպես դա նախատեսված է Ընթացակարգի և ապացուցման կանոններով,
բ) բանտարկյալների հետ վարվեցողության՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային պայմանագրային չափանիշների կիրառումը,
գ) դատապարտված անձի կարծիքը,
դ) դատապարտված անձի քաղաքացիությունը,
ե) այնպիսի այլ գործոններ, որոնք վերաբերում են հանցագործության հանգամանքներին կամ դատապարտված անձին, կամ պատժի արդյունավետ կատարմանը, և որոնք կարող են պատշաճ համարվել պատժի կատարման պետությունը նշանակելիս:
4. Եթե 1-ին մասին համապատասխան որևէ պետություն չի նշանակվում, ապա անձն ազատազրկման ձևով պատիժը կրում է Դատարանի նստավայր-պետության տրամադրած բանտային հաստատությունում՝ համաձայն 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ գլխավոր գրասենյակի վերաբերյալ համաձայնագրի պայմանների: Նման դեպքերում պատիժը կատարելու հետ կապված ծախսերը կրում է Դատարանը: