Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Գործի ընդունելիության վերաբերյալ նախնական որոշումները

1. Այն դեպքում, երբ իրավիճակը Դատարանին ներկայացվել է 13-րդ հոդվածի «ա» կետի համաձայն, և Դատախազը որոշել է, որ քննություն սկսելու համար կան բավարար հիմքեր, կամ եթե Դատախազը քննություն է սկսել 13-րդ հոդվածի «գ» կետին և 15-րդ հոդվածին համապատասխան, ապա Դատախազն այդ մասին ծանուցում է բոլոր մասնակից պետություններին և այն պետություններին, որոնք, հաշվի առնելով առկա տեղեկությունները, սովորաբար կիրականացնեին իրենց իրավազորությունը տվյալ հանցագործությունների նկատմամբ: Դատախազն այդ պետություններին կարող է ծանուցել գաղտնի հիմունքներով, և այն դեպքում, երբ Դատախազն անհրաժեշտ է համարում ապահովել անձանց պաշտպանությունը, կանխել ապացույցների ոչնչացումը կամ խոչընդոտել անձանց թաքնվելը, կարող է սահմանափակել պետություններին տրամադրվող տեղեկությունների շրջանակը:

2. Նման ծանուցում ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պետությունը Դատարանին կարող է տեղեկացնել, որ քննություն է իրականացնում կամ քննություն է իրականացրել իր քաղաքացիների կամ իր իրավազորության ներքո գտնվող այլ անձանց նկատմամբ՝ քրեորեն պատժելի այն արարքների կապակցությամբ, որոնք կարող են համարվել 5-րդ հոդվածում նշված հանցագործություններ, և որոնք առնչվում են պետություններին ուղարկված ծանուցման մեջ նշված տեղեկություններին: Այդ պետության դիմումով Դատախազը տվյալ անձանց նկատմամբ քննության իրականացումը փոխանցում է պետությանը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Մինչդատական վարույթի պալատը Դատախազի դիմումի հիման վրա որոշում է թույլատրել քննության իրականացումը:

3. Քննության իրականացումը պետությանը փոխանցելու՝ Դատախազի որոշումը կարող է Դատախազի կողմից վերանայվել փոխանցման մասին որոշումն ընդունելուց հետո վեց ամսվա ընթացքում կամ ցանկացած ժամանակ՝ այն բանից հետո, երբ պետության կողմից պատշաճ քննություն իրականացնելու ցանկության բացակայության կամ անկարողության հետևանքով տեղի է ունեցել հանգամանքների էական փոփոխություն:

4. Համապատասխան պետությունը կամ Դատախազը կարող է Մինչդատական վարույթի պալատի որոշումը 82-րդ հոդվածին համապատասխան բողոքարկել Վերաքննիչ պալատում: Բողոքը կարող է քննության առնվել արագացված կարգով:

5. Այն դեպքում, երբ Դատախազը 2-րդ մասին համապատասխան փոխանցել է քննության իրականացումը, նա կարող է համապատասխան պետությանը ներկայացնել քննության ընթացքի և հետագա ցանկացած քրեական հետապնդման մասին իրեն պարբերաբար տեղեկացնելու մասին պահանջ: Մասնակից պետությունները նման պահանջներին պատասխանում են առանց անհիմն ձգձգումների:

6. Մինչև Մինչդատական վարույթի պալատի կողմից որոշում կայացվելը կամ Դատախազի կողմից սույն հոդվածի համաձայն որևէ քննություն փոխանցելուց հետո ցանկացած ժամանակ Դատախազը կարող է բացառության կարգով Մինչդատական վարույթի պալատից թույլտվություն խնդրել՝ ապացույցները պահպանելու նպատակով անհրաժեշտ քննչական միջոցներ ձեռնարկելու համար, այն դեպքերում, երբ կա կարևոր ապացույց ձեռք բերելու բացառիկ հնարավորություն, կամ առկա է այդ ապացույցի հետագա ձեռքբերման անհնարինության իրական վտանգ:

7. Մինչդատական վարույթի պալատի որոշումը սույն հոդվածին համապատասխան վիճարկող պետությունը կարող է 19-րդ հոդվածի համաձայն բողոքարկել գործի ընդունելիության մասին որոշումը՝ հիմք ընդունելով լրացուցիչ էական փաստերը կամ հանգամանքների էական փոփոխությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։