Անցնել բովանդակությանը
ԿԻՐԱՌԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Դատարանի իրավազորության և ընդունելիության վերաբերյալ հարցերի վիճարկումը

1. Դատարանը պետք է հավաստիանա, որ իր քննությանը ներկայացված ցանկացած գործ իր իրավազորության շրջանակներում է: Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ որոշում կայացնել գործի ընդունելիության վերաբերյալ՝ 17-րդ հոդվածին համապատասխան:

2. 17-րդ հոդվածում նշված հիմքերով գործի ընդունելիությունը կամ Դատարանի իրավազորությունը կարող է վիճարկվել՝

ա) մեղադրյալի կամ այն անձի կողմից, որի նկատմամբ 58-րդ հոդվածի համաձայն կայացվել է կալանավորման մասին որոշում, կամ որին տրվել է ներկայանալու մասին ծանուցում,

բ) տվյալ գործի նկատմամբ իրավազորությամբ օժտված պետության կողմից՝ այն հիմքով, որ այդ պետությունը գործով քննություն կամ քրեական հետապնդում է իրականացնում կամ իրականացրել, կամ

գ) այն պետության կողմից, որից պահանջվում է Դատարանի իրավազորության ճանաչում՝ 12-րդ հոդվածին համապատասխան:

3. Դատախազը կարող է խնդրել Դատարանին որոշում կայացնել իրավազորության կամ ընդունելիության հարցի վերաբերյալ: Իրավազորության կամ ընդունելիության վերաբերյալ հարցերը քննության առնելիս նրանք, ովքեր 13-րդ հոդվածի համաձայն իրավիճակը ներկայացրել են քննության, ինչպես նաև տուժողները նույնպես կարող են իրենց դիտարկումները ներկայացնել Դատարան:

4. Գործի ընդունելիությունը կամ Դատարանի իրավազորությունը 2-րդ մասում նշված ցանկացած անձի կամ պետության կողմից կարող է վիճարկվել միայն մեկ անգամ: Վիճարկումը պետք է տեղի ունենա նախքան դատաքննությունն սկսվելը կամ այն սկսվելիս: Բացառիկ հանգամանքներում Դատարանը կարող է վիճարկումը թույլատրել մեկից ավելի անգամ կամ դատաքննությունը սկսվելուց հետո: Դատաքննության սկզբում կամ Դատարանի թույլտվությամբ՝ հետագայում գործի ընդունելիության վիճարկումը կարող է կատարվել միայն 17-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիման վրա:

5. 2-րդ մասի «բ» և «գ» կետերում նշված պետությունը պետք է վիճարկի հնարավորինս շուտ:

6. Նախքան մեղադրանքների հաստատումը գործի ընդունելիության կամ Դատարանի իրավազորության մասով վիճարկումները ներկայացվում են Մինչդատական վարույթի պալատ: Մեղադրանքների հաստատումից հետո դրանք ներկայացվում են Դատական պալատ: Իրավազորության կամ ընդունելիության վերաբերյալ որոշումները 82-րդ հոդվածին համապատասխան կարող են բողոքարկվել Վերաքննիչ պալատում:

7. Եթե վիճարկում է 2-րդ մասի «բ» կամ «գ» կետում նշված պետությունը, ապա Դատախազը կասեցնում է քննությունն այնքան ժամանակ, մինչև Դատարանը 17-րդ հոդվածին համապատասխան որոշում կկայացնի:

8. Մինչև Դատարանի կողմից որոշում կայացվելը Դատախազը կարող է խնդրել Դատարանին թույլատրել՝

ա) ձեռնարկել 18-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անհրաժեշտ քննչական միջոցները,

բ) վկաներից հայտարարություններ կամ ցուցմունքներ ստանալ կամ ավարտել ապացույցների հավաքումը և ուսումնասիրումը, որոնք սկսվել էին նախքան վիճարկումը, և

գ) համապատասխան պետությունների հետ համագործակցությամբ կանխել այն անձանց փախուստը, որոնց նկատմամբ կալանավորման մասին որոշում կայացնելու համար Դատախազը 58-րդ հոդվածին համապատասխան արդեն դիմել է:

9. Վիճարկումը չի կարող ազդեցություն ունենալ մինչև այդ Դատախազի ձեռնարկած որևէ գործողության կամ Դատարանի կայացրած որևէ կարգադրության կամ որոշման վավերության վրա:

10. Եթե Դատարանը որոշել է, որ 17-րդ հոդվածի համաձայն գործն ընդունելի չէ, ապա Դատախազը կարող է այդ որոշումը վերանայելու դիմում ներկայացնել այն դեպքում, երբ լիովին համոզված է, որ ի հայտ են եկել նոր փաստեր, որոնց ուժով վերանում են 17-րդ հոդվածի համաձայն գործն անընդունելի համարելու մասին նախկինում ընդունված որոշման հիմքերը:

11. Եթե Դատախազը, հաշվի առնելով 17-րդ հոդվածում նշված հարցերը, փոխանցում է քննությունը, ապա նա կարող է դիմել համապատասխան պետությանը՝ իրեն այդ գործով վարույթի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջով: Այդ պետության խնդրանքով ապահովվում է այդ տեղեկությունների գաղտնիությունը: Եթե հետագայում Դատախազը որոշում է կայացնում շարունակել քննությունը, ապա նա այդ մասին ծանուցում է այն պետությանը, որին փոխանցվել էր տվյալ գործով վարույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։