Հոդված 59
Հոդված 59
Կալանավորման ընթացակարգն արգելանքի վերցնելու պետությունում
1. Մասնակից պետությունը, որն ստացել է որևէ անձի նախնական կալանավորման կամ կալանավորման ու փոխանցման դիմում, անհապաղ միջոցներ է ձեռնարկում նշված անձին իր օրենսդրության և Մաս 9-ի դրույթներին համապատասխան կալանավորելու համար:
2. Կալանավորված անձն անհապաղ ներկայացվում է արգելանքի վերցնելու պետության իրավասու դատական մարմնին, որն այդ պետության օրենսդրությանը համապատասխան պարզում է, թե արդյոք՝
ա) կալանավորման մասին որոշումը տրված է այդ անձի վերաբերյալ,
բ) այդ անձը կալանավորվել է պատշաճ ընթացակարգին համապատասխան, և
գ) պահպանվել են այդ անձի իրավունքները:
3. Կալանավորված անձն իրավունք ունի դիմելու արգելանքի վերցնելու պետության իրավասու մարմնին` մինչև Դատարանին փոխանցելն իրեն ժամանակավորապես ազատ արձակելու խնդրանքով:
4. Ցանկացած նման խնդրանքի վերաբերյալ որոշում կայացնելիս արգելանքի վերցնելու պետության իրավասու մարմինը, հաշվի առնելով ենթադրվող հանցագործության ծանրությունը, պարզում է, թե արդյոք առկա են արտակարգ և բացառիկ հանգամանքներ, որոնք կարդարացնեն ժամանակավոր ազատումը, և արդյոք գոյություն ունեն անհրաժեշտ երաշխիքներ՝ արգելանքի վերցնելու պետության կողմից տվյալ անձին Դատարանին փոխանցելու իր պարտականության կատարումն ապահովելու համար: Արգելանքի վերցնելու պետության իրավասու մարմինը չի կարող քննության առնել կալանավորման մասին որոշումը 58-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերին համապատասխան պատշաճորեն կայացված լինելու հարցը:
5. Մինչդատական վարույթի պալատը տեղեկացվում է ժամանակավորապես ազատ արձակելու վերաբերյալ ցանկացած խնդրագրի մասին և արգելանքի վերցնելու պետության իրավասու մարմնին հանձնարարական է տալիս: Արգելանքի վերցնելու պետության իրավասու մարմինը, մինչև իր որոշումը կայացնելը, լիովին հաշվի է առնում այդպիսի հանձնարարականները, ներառյալ՝ այդ անձի փախուստը կանխելու միջոցների վերաբերյալ ցանկացած հանձնարարական:
6. Եթե այդ անձը ժամանակավորապես ազատ է արձակվել, ապա Մինչդատական վարույթի պալատը կարող է նման ժամանակավոր ազատման կարգավիճակի մասին պարբերաբար հարցումներ անել:
7. Անձին Դատարանին փոխանցելու մասին իր որոշումը կայացնելուց հետո արգելանքի վերցնելու պետությունը հնարավորինս շուտ տվյալ անձին տեղափոխում է Դատարան: