Հոդված 112
Հոդված 112
Մասնակից պետությունների ասամբլեան
1. Սույնով հիմնադրվում է սույն Կանոնադրության Մասնակից պետությունների ասամբլեան: Յուրաքանչյուր մասնակից պետություն Ասամբլեայում ունի մեկ ներկայացուցիչ, որը կարող է ունենալ տեղակալներ և խորհրդատուներ: Այն պետությունները, որոնք ստորագրել են Կանոնադրությունը կամ Եզրափակիչ ակտը, Ասամբլեայում կարող են լինել դիտորդներ:
2. Ասամբլեան՝
ա) քննության է առնում և համապատասխան դեպքերում ընդունում է Նախապատրաստական հանձնաժողովի հանձնարարականները.
բ) Նախագահությանը, Դատախազին և Քարտուղարին ներկայացնում է Դատարանի գործերի կառավարման հարցերին վերաբերող ամփոփում.
գ) քննության է առնում 3-րդ մասին համապատասխան ստեղծվող Բյուրոյի զեկույցները և քննարկում է նրա գործունեությունը, և այդ կապակցությամբ ձեռնարկում է համապատասխան միջոցներ.
դ) քննության է առնում և ընդունում Դատարանի բյուջեն.
ե) որոշում է 36-րդ հոդվածին համապատասխան դատավորների թիվը փոփոխելու անհրաժեշտության հարցը.
զ) 87-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերի համաձայն՝ քննության է առնում համագործակցության բացակայությանն առնչվող ցանկացած հարց.
է) իրականացնում է սույն Կանոնադրության ու Ընթացակարգի և ապացուցման կանոնների հետ համատեղելի ցանկացած այլ գործառույթ:
3. ա) Ասամբլեան ունի Բյուրո, որի կազմի մեջ մտնում են Ասամբլեայի կողմից 3 տարի ժամկետով ընտրվող Նախագահը, երկու Փոխնախագահները և 18 անդամները:
բ) Բյուրոն ունի ներկայացուցչական բնույթ, որը մասնավորապես հաշվի է առնում արդարացի աշխարհագրական բաշխման և աշխարհի հիմնական իրավական համակարգերի պատշաճ ներկայացուցչության չափանիշները:
գ) Բյուրոյի նիստերը գումարվում են անհրաժեշտ պարբերականությամբ, սակայն առնվազն տարին մեկ անգամ: Այն աջակցում է Ասամբլեային դրա պարտականությունների կատարման գործում:
4. Անհրաժեշտության դեպքում Ասամբլեան կարող է հիմնել օժանդակ մարմիններ, ներառյալ՝ Դատարանում ստուգումներ, գնահատումներ և քննություն անցկացնելու համար հսկողության անկախ մեխանիզմի ստեղծումը՝ դրա գործունեության արդյունավետության և խնայողականության բարձրացմանը նպաստելու համար:
5. Դատարանի Նախագահը, Դատախազը և Քարտուղարը կամ նրանց ներկայացուցիչները կարող են համապատասխան դեպքերում մասնակցել Ասամբլեայի և Բյուրոյի նիստերին:
6. Ասամբլեայի նիստերը գումարվում են Դատարանի նստավայրում կամ Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հաստատությունում, տարին մեկ անգամ, իսկ եթե հանգամանքներն այդպես են պահանջում, ապա գումարվում են Ասամբլեայի արտահերթ նստաշրջաններ: Եթե սույն Կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա արտահերթ նստաշրջանները գումարվում են Բյուրոյի կողմից՝ դրա նախաձեռնությամբ կամ մասնակից պետությունների մեկ երրորդի պահանջով:
7. Յուրաքանչյուր մասնակից պետություն ունի մեկ ձայնի իրավունք: Ձեռնարկվում են բոլոր ջանքերը՝ Ասամբլեայում և Բյուրոյում որոշումները միաձայն ընդունելու համար: Միաձայնության անհնարինության դեպքում, եթե Կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա՝
ա) ըստ էության հարցերի կապակցությամբ որոշումներն ընդունվում են քվեարկությանը ներկա և քվեարկողների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ՝ պայմանով, որ մասնակից պետությունների բացարձակ մեծամասնությունն ապահովում է քվորումը.
բ) ընթացակարգերի վերաբերյալ հարցերով որոշումներն ընդունվում են քվեարկությանը ներկա և քվեարկող մասնակից պետությունների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Մասնակից պետությունը, որն ունի Դատարանի ծախսերը ծածկելու համար կատարվող վճարումների հետ կապված պարտքեր, Ասամբլեայում և Բյուրոյում չունի ձայնի իրավունք, եթե այդ պարտքի գումարը հավասար է նախորդ 2 տարիների համար նրա կողմից վճարման ենթակա գումարին կամ գերազանցում է այն: Այդուհանդերձ, Ասամբլեան կարող է թույլատրել նման մասնակից պետությանը մասնակցել Ասամբլեայում և Բյուրոյում քվեարկություններին, եթե հիմնավորվում է, որ վճարումների չկատարումը պայմանավորված է այդ մասնակից պետությունից անկախ հանգամանքներով:
9. Ասամբլեան ընդունում է իր կանոնակարգը:
10. Ասամբլեայի պաշտոնական և աշխատանքային լեզուները Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի պաշտոնական և աշխատանքային լեզուներն են: