Հոդված 54
Հոդված 54
Դատախազի պարտականությունները և լիազորությունները քննության առնչությամբ
1. Դատախազը՝
ա) ճշմարտությունը պարզելու նպատակով ծավալում է քննություն՝ ընդգրկելով բոլոր փաստերն ու ապացույցները, գնահատելու համար՝ առկա է արդյոք սույն Կանոնադրությանը համապատասխան քրեական պատասխանատվության հիմք՝ այդ ընթացքում հավասարապես քննության առնելով ինչպես մեղավորությունը, այնպես էլ անմեղությունը վկայող հանգամանքները.
բ) ձեռնարկում է պատշաճ միջոցներ՝ ապահովելու Դատարանին ընդդատյա հանցագործությունների արդյունավետ քննությունը և քրեական հետապնդումը՝ այդ ընթացքում հաշվի առնելով տուժողների և վկաների շահերն ու անձնական հանգամանքները, ներառյալ՝ տարիքը, գենդերը, ինչպես սահմանված է 7-րդ հոդվածի 3-րդ մասում, և առողջական վիճակը, ինչպես նաև հաշվի է առնում հանցագործության բնույթը, մասնավորապես, երբ այն ներառում է սեռական բնույթի բռնի գործողություն, գենդերային հիմքով բռնություն կամ երեխաների նկատմամբ բռնություն, և
գ) լիովին պահպանում է անձանց՝ սույն Կանոնադրությունից բխող իրավունքները:
2. Դատախազը կարող է որևէ պետության տարածքում քննություն իրականացնել՝
ա) 9-րդ մասի դրույթներին համապատասխան, կամ
բ) Մինչդատական վարույթի պալատի կողմից 57-րդ հոդվածի 3-րդ մասի «դ» կետին համապատասխան տրված թույլտվությամբ:
3. Դատախազը կարող է՝
ա) հավաքել և ուսումնասիրել ապացույցներ,
բ) այն անձանցից, որոնց նկատմամբ իրականացվում է քննությունը, տուժողներից ու վկաներից պահանջել ներկայանալ և հարցաքննել նրանց,
գ) ստանալ ցանկացած պետության կամ միջկառավարական կամ այլ կազմակերպության օժանդակությունը դրանց համապատասխան լիազորություններին և (կամ) մանդատին համապատասխան,
դ) ձեռք բերել սույն Կանոնադրությանը չհակասող այնպիսի համաձայնություններ և պայմանավորվածություններ, որոնք կարող են անհրաժեշտ լինել որևէ պետության, միջկառավարական կազմակերպության կամ անձի հետ համագործակցությունը հեշտացնելու համար,
ե) երաշխավորել դատավարության որևէ փուլում չբացահայտել այն փաստաթղթերը կամ տեղեկությունները, որոնք Դատախազը ստացել է գաղտնիությունը պահպանելու պայմանով և միայն նոր ապացույցներ ստանալու նպատակով, եթե այդ տեղեկությունները տրամադրողն այդ մասին չի տվել իր համաձայնությունը, և
զ) ձեռնարկել կամ խնդրել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տեղեկությունների գաղտնիությունը, ցանկացած անձի պաշտպանությունը կամ ապացույցների պահպանությունն ապահովելու նպատակով: