Հոդված 39
Հոդված 39
Պալատները
1. Դատավորների ընտրությունից հետո Դատարանը հնարավորինս արագ իր կազմում ձևավորում է 34-րդ հոդվածի բ ենթակետում նշված բաժանմունքները: Վերաքննիչ բաժանմունքը կազմված է նախագահից և 4 դատավորից, Դատական բաժանմունքը՝ ոչ պակաս, քան 6 դատավորից, և Մինչդատական վարույթի բաժանմունքը՝ ոչ պակաս, քան 6 դատավորից: Դատավորների նշանակումը բաժանմունքներում կատարվում է` հաշվի առնելով յուրաքանչյուր բաժանմունքի գործառույթների բնույթը և Դատարանում ընտրված դատավորների որակավորումն ու փորձն այնպես, որ ամեն մի բաժանմունքում ապահովվի քրեական իրավունքի ու դատավարության և միջազգային իրավունքի մասնագետների արդյունավետ համակցություն: Դատական և Մինչդատական վարույթի բաժանմունքներն առավելապես կազմվում են քրեական գործերով դատաքննություն վարելու փորձ ունեցող դատավորներից:
2. ա) Դատարանի դատական գործառույթները յուրաքանչյուր բաժանմունքում իրականացնում են պալատները:
բ) i) Վերաքննիչ պալատը կազմված է Վերաքննիչ բաժանմունքի բոլոր դատավորներից.
ii) Դատական պալատի գործառույթներն իրականացնում են Դատական բաժանմունքի 3 դատավոր.
iii) Մինչդատական վարույթի պալատի գործառույթներն իրականացնում են կա՛մ Մինչդատական վարույթի բաժանմունքի 3 դատավոր, կա՛մ այդ բաժանմունքի 1 դատավոր՝ սույն Կանոնադրությանն ու Ընթացակարգի և ապացուցման կանոններին համապատասխան:
գ) Սույն կետում ամրագրված որևէ դրույթ չի կարող արգելել միաժամանակ մեկից ավելի Դատական կամ Մինչդատական վարույթի պալատների ստեղծման հնարավորությունը, եթե դա պահանջվում է Դատարանի աշխատանքի ծավալի արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ:
3. ա) Դատական և Մինչդատական վարույթի բաժանմունքներում նշանակված դատավորներն իրենց գործառույթներն այդ բաժանմունքներում իրականացնում են 3 տարի ժամկետով, իսկ այդ ժամկետը լրանալու հետո՝ մինչև այն գործի քննության ավարտը, որով լսումները համապատասխան բաժանմունքում արդեն սկսվել են:
բ) Վերաքննիչ բաժանմունքում նշանակված դատավորներն իրենց գործառույթներն այդ բաժանմունքում իրականացնում են իրենց լիազորությունների ամբողջ ժամկետի ընթացքում:
4. Վերաքննիչ բաժանմունքում նշանակված դատավորներն իրենց գործառույթներն իրականացնում են միայն այդ բաժանմունքում: Սակայն սույն հոդվածում ոչինչ չի բացառում Դատական բաժանմունքի դատավորների ժամանակավոր նշանակումը Մինչդատական վարույթի բաժանմունքում կամ հակառակը, եթե Նախագահությունը համարում է, որ դա պահանջվում է Դատարանի աշխատանքի ծավալի արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ՝ պայմանով, որ որևէ գործով մինչդատական վարույթի փուլին մասնակցած դատավորը ոչ մի պարագայում իրավունք չի ունենա մասնակցելու այդ գործով լսումներին Դատական պալատում: